ՓՄՁ 2 տնտեսվարող արդեն աջակցության պայմանագիր է կնքել․ ծրագրին դիմել է շուրջ 200 մարդ |armtimes.com|

armtimes.com: Կորոնավիրուսի հետեւանքով առաջացած խնդիրները չեզոքացնելու համար արդեն շուրջ 200 փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտի տնտեսվարողներ են դիմել, որպեսզի կառավարության միջոցառումներով նախատեսված օժանդակություն ստանան։ Այս մասին ասաց Հայաստանի Զարգացման եւ ներդրումների կորպորացիայի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը։

Նրա խոսքով՝ արդեն 2 տնտեսվարողի հետ պայմանագիր են կնքել. մեկը մշակող արդյունաբերության ոլորտում է գործունեություն ծավալում, մյուսը՝ հանրային սննդի։

Նշենք, որ միջոցառմամբ օժանդակություն է տրամադրվում ՓՄՁ շրջանակի՝ տուժած ոլորտներին՝ մշակող արդյունաբերություն, հյուրատնային-հյուրանոցային բիզնես, հանրային սննդի ծառայություններ, փոխադրումներ եւ պահեստային բիզնես, զբոսաշրջային ծառայություններ եւ առողջապահության ոլորտի կազմակերպություններ։ Նրանք 2019-ի շրջանառությունը պետք է լինի 24-ից 500 մլն դրամ։ Ծրագրին դիմող ընկերությունը 2019-ին պետք է որեւէ ժամկետանց վարկային կամ հարկային պարտավորություն չունենա։ Այս պահանջները բավարարող կազմակերպությունները կարող են դիմել Ներդրողների աջակցման կենտրոն ու ստանալ իրենց 2019 թվականի տարեկան շրջանառության 10 տոկոսի չափով (ոչ ավելի քան 50 մլն դրամ) վարկ՝ 36 ամսով։ Առաջին 6 ամսում վարկի մարում նախատեսված չէ, իսկ դրան հաջորդող մեկուկես տարում տոկոսադրույք չի լինի, իսկ 3-րդ տարում 12 տոկոս տոկոսադրույք է լինելու։

«Քաղաքացիներն էլեկտրոնային տարբերակով դիմում են Ներդրումների աջակցման կենտրոն, եթե ուսումնասիրության արդյունքում տնտեսվարողը բավարարում է պահանջներին, ապա կենտրոնը տնտեսվարողներին ուղարկում է մեզ մոտ, եւ մենք կնքում ենք վարկային պայմանագրեր»,- մեր զրույցում պարզաբանեց Բադալյանը։

Նրա խոսքով՝ վարկերը տրամադրվում են կոնկրետ նպատակային ծախսեր իրականացնելու համար՝ աշխատավարձ եւ դրան հավասարեցված վճարումներ՝ յուրաքանչյուր աշխատակցի համար առավելագույնը 300 հազար դրամ, հարկերի եւ տուրքերի վճարում, հումքի գնում եւ ներմուծում, հանրային ծառայությունների դիմաց վճարումներ եւ վարձավճարների վճարում։

«Մարդիկ շատ ոգեւորված են, քանի որ իրականում մեծ աջակցություն է այդ կազմակերպություններին՝ առանց գրավի վարկը։ Ես ֆինանսական համակարգում երկար տարիների աշխատանքային փորձ ունեմ ու 0 տոկոսով նման ծրագիր երբեք չի եղել։ Ընդ որում, 2 տարի անտոկոս դրամային վարկ, չկա որեւէ սպասարկման վճար, որեւէ ծառայության վճար, վաղաժամկետ մարման դեպքում չկա որեւէ լրացուցիչ վճար։ Կարծում եմ՝ ժողովուրդը պետք է փորձի հասկանալ եւ գնահատել այս քայլերը»,- նշեց Բադալյանը։

Հանրային սննդի կազմակերպմամբ զբաղվող «Բլիզարդ» ՍՊԸ հիմնադիր եւ տնօրեն Արմենուհի Խաչատրյանը, մեր զրույցում անդրադառնալով իրենց տրվող օժանդակությանը՝ ասաց. «Իմ կազմակերպությունն ունի ճաշարան եւ ունենք նաեւ միջոցառումների կազմակերպման ծառայություն։ Ինձ համար պայմանները շատ լավն են, 24 ամիս անտոկոս վարկավորումը հրաշալի պայմաններ են»։

Հարցին՝ դիմելու պրոցեսը հե՞շտ էր, Խաչատրյանը պատասխանեց. «Բացարձակ բարդություն չկար։ Չեմ կարող նկարագրել, թե ինչքան հեշտ ու արագ ամեն ինչ ստացվեց։ Եթե փաստաթղթերը պատշաճ լրացված են, եթե վարկային պատմությունը լավն է, հարկային պատմությունը լավն է ու կառավարության կողմից առաջադրած պայմաններին բավարարում ես, պրոցեսը շատ արագ է տեւում։ Ընդամենը՝ 3 օր»։

Անդրադառնալով հարցին, թե որքա՞ն գումար են տրամադրելու իրեն եւ ինչի՞ վրա է ծախսելու դա, Խաչատրյանը պատասխանեց. «Ես կարող էի մինչեւ 20 մլն դրամ վերցնել, 7 մլն դրամ վերցրեցի, քանի որ իմ հաշվարկով առաջիկա կես տարում ինձ մոտավորապես այդքան հարկավոր կլինի, որպեսզի աշխատանքս բնականոն հունի մեջ գցեմ»։ Նրա խոսքով՝ այդ գումարն առաջնահերթ օգտագործելու է աշխատավարձի համար, հետո արդեն՝ վարձավճարների, կոմունալ ծախսերի։

Շարունակությունը՝ armtimes.com-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով