ԱԳՆ-ն մրցույթ չի հայտարարել, այն հայտարարել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանը՝ 2 տեղի համար․ Մասիս Մայիլյան

Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հերթական կեղծիք ու հերթական հերքում

Իմ ու մեր քաղաքական թիմի դեմ հայտարարված տեղեկատվական պատերազմի ակտիվ մասնակից լրատվամիջոցներից մեկը հերթական հերյուրանքն է տարածել, այս անգամ արդեն թիրախավորելով իմ ընտանիքը։

Ըստ այդ կեղծիքի՝ իբր 2019-ին Արցախի ԱԳՆ-ն մրցույթ է հայտարարել արցախցի ինտելեկտուալ երիտասարդության շրջանում՝ ընտրելու այն լավագույնին, ով պիտի արժանանար ԱՄՆ-ում անվճար սովորելու կրթական ծրագրի ուղեգրին: Եւ իբր 13 թեկնածուներից չգիտես ինչու ընտրվել է իմ որդին։

Իրականում ԱԳՆ-ն մրցույթ չի հայտարարել, այն հայտարարել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանը՝ 2 տեղի համար։ Արցախի Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը մրցույթին ներկայացրել է արցախցի 4 երիտասարդների թեկնածությունները, մի թեկնածություն էլ ներկայացրել է Արցախի Մարդի իրավունքների պաշտպանի գրասենյակը։

Համալսարանը մրցույթը կազմակերպել է առցանց ռեժիմով՝ երկու փուլով, որի արդյունքում հաղթող է ճանաչվել որդիս։ Արդյունքում մի տեղ էլ թափուր է մնացել։ Արցախի ԱԳՆ-ն ոչ մի առնչություն չի ունեցել թե մրցույթի կազմակերպման և թե թեկնածուների առաջադրման հետ։

Մյուս դրվագը․ իբր 2018-ին մեր գերատեսչությունն առանց մրցույթի նոր վեբկայք է պատվիրել և ԱԳՆ-ին հատկացված համապատասխան գումարը փոխանցել իմ որդուն:

Իրականում ես արտգործանախարար եմ նշանակվել 2017-ի սեպտեմբերին, իսկ կայքը պատվիրվել է իմ նշանակումից 2 տարի առաջ՝ 2015-ին։ Կայքը պատրաստվել է հայաստանյան AGNIAN (www.agnian.com) ընկերության կողմից, ֆինանսավորումն էլ կատարվել է նույն թվականին։ Իմ պաշտոնավարման ժամանակ պարզապես ավարտին է հասցվել ԱԳՆ պաշտոնական նոր կայքէջի բովանդակային մասը և կազմակերպվել շնորհանդես»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով