Աշխատանքային այցով Աշխաբադում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մայիսի 30-ին հանդիպում է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ։
Կառավարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում նշվել է հայ-թուրքմենական միջպետական համագործակցության վերջին շրջանի դինամիկան, կարեւորվել է փոխադարձ այցերի, առեւտրատնտեսական փոխգործակցության եւ հումանիտար-մշակութային շփումների աշխուժացումը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը գոհունակությամբ են արձանագրել, որ 2017թ. համեմատ 2018թ. երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է` հասնելով 31 մլն ԱՄՆ դոլարի:
Զրուցակիցները երկուստեք կարեւորել են նաեւ գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցության խորացումը, անդրադարձել են երկու երկրների մայրաքաղաքներում փոխադարձաբար առեւտրի տների հիմնման ու Աշխաբադ-Երեւան ուղիղ չվերթի վերաբացման հարցերին։
Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով էներգետիկ բնագավառում համագործակցության խորացմանը։