factor.am: Այսօր Factor.am-ը գրել էր, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հսկիչ-տեսուչներին հրահանգել է բաժանորդ-բնակիչներից հավաքագրել սպառած գազի վարձավճարները: Ընկերությունից ցուցում է տրվել՝ բնակչի կողմից չվճարելու դեպքում դադարեցնել անհատական մատակարարումները: Խմբագրություն ահազանգեց Նար-Դոսի փողոցի առաջին նրբանցքի 4/3 շենքի բնակիչ Անդրանիկ Բարսեղյանը: Նա նշեց, որ իրեն մեկ ժամ ժամանակ են տրամադրել՝ սպառած գազի արժեքը վճարելու համար, հակառակ դեպքում, ասել են, կդադարեցնեն մատակարարումը: «Գազի տեսուչն ասել է՝ եթե մինչև ժամը 4-ը չվճարեցիր, գալու եմ՝ անջատեմ: Ես օրավարձով եմ աշխատում, գումար չունեմ, որ վճարեմ: Մի քիչ ունեմ, բայց հացի փող եմ պահել: 37 հազար գազի վարձ է եկել, ես էլ 50 հազար ունեմ հետ գցած, ի՞նչ անեմ, տամ գազին, ես էլ անհաց մնա՞մ: Մի ամիս պետք է ապրեմ»,- ասաց նա:
Նար-Դոսի փողոցի առաջին նրբանցքի 4/3 շենքի գազի տեսուչը հաստատեց տեղեկությունը, որ հրահանգ ունի՝ դադարեցնել գազի մատակարարումը: Վերջինիս հետ զրույցում ներկայացանք որպես բնակիչ-բաժանորդ՝ հստակ մանրամասներ ճշտելու նպատակով:
– Բարձև Ձեզ, Նար-Դոսի փողոցի առաջին նրբանցքի 4/3 շենքի բնակիչ եմ, այսօր պետք է պարտադիր վճարե՞մ գազի վարձը:
– Հիմա պետք է վճարես: Ես արդեն դուրս եմ եկել անջատումների: – Իսկ եթե չկարողանա՞մ վճարել:
– Կանջատեմ, հերթով գալիս եմ, հասել եմ Ձեր շենքին:
– Իսկ որ արտակարգ դրություն է, դա հաշվի չեք առնու՞մ:
– Արտակարգ դրությունը մեր առողջականի համար է, մեր «Գազպրոմ»-ում հրահանգ չկա, ոչ էլԿառավարության որոշում կա, որ չվճարեք:
– Չեմ աշխատում, «Գազպրոմ»-ում չգիտե՞ն, որ համատարած պարապուրդ է:
– Գազը մերը չի, ռուսինն է, պետք է փողը փոխանցենք:
– Այսինքն՝ գրասենյակից ասել են, որ վարձերը հավաքե՞ք, թե՞ սա տեսուչների նախաձեռնությունն է:
– Տեսուչների ձեռքը լինի, դուրս չենք գա, մեզ ստիպում են դուրս գալ գործի: Վիրուսից վախենում ենք, բայց դուրս ենք եկել:
– Բայց Դուք տարեց եք, պարետատնից ցուցում կա, որ հատուկ ժամերի պետք է դուրս գաք, չեք վախենու՞մ:
– Վնաս է, բայց ո՞վ է հաշվի առնելու, մեր ղեկավարությունը թքած ունի
: – «Գազպրոմ»-ը դիմակներ, ձեռնոցներ տրամադրո՞ւմ է տեսուչներին:
– Չէ, մենք ենք առել:
Ավելին՝ factor.am-ում։