Ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերվել Մարգարա գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
«Քննությանը հայտնի տվյալներով՝ տնօրենն իր ազգականներից մեկին 2017 թվականին հրամանագրել է որպես պահակ։ Նա աշխատանքի չի ներկայացել, սակայն աշխատավարձ է դուրս գրվել։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ տնօրենի ամուսինը, որը դպրոցում հրամանագրված է եղել պահակ, ապա՝ էլեկտրիկ, 2016-ից 2019 թվականների ընթացքում աշխատանքի չի ներկայացել, սակայն աշխատավարձ է դուրս գրվել։ Հիշյալ ապօրինությունների հետևանքով, նախնական հաշվարկով՝ պետությանը պատճառվել է 3 միլիոն 150 հազար դրամից ավելի վնաս։ Դեպքերի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ: