lragir.am: Այսօր արդեն ուժի մեջ կմտնի պարետի որոշումը, համաձայն որի՝ ՀՀ ողջ տարածքում կարգելվեն առևտրի իրականացման վայրերում տնտեսական գործունեության որոշ տեսակները, բացառությամբ ներկայացված վայրերում պարենային ապրանքների վաճառքով զբաղնող օբյեկտների, դեղատների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների:
Այս մասին կառավարությունում հրավիրած ասուլիսում ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:
«Միևնույն ժամանակ սահմանափակումները կգործեն ՀՀ ողջ տարածքում բարերի, խմիչքների մատուցման համանման կետերի գործունեության հետ կապված, կինոների և տեսաֆիլմերի ցուցադրման ակումբների, շահումով խաղերի կազմակերպման գործունեության նկատմամբ, ինչպես նաև սպորտի, զվարճությունների և հանգստի կազմակերպման բնագավառում»,- ասաց փոխնախարարը: Վարոս Սիմոնյանի խոսքով՝ սահմանափակումները կտարածվեն նաև անհատական այլ ծառայությունների տնտեսական գործունեության վրա, բացառությամբ թաղումների կազմակերպման և համանման ծառայությունների: Ըստ նրա՝ սահմանափակումները չեն տարածվի սրճարանների գործունեության վրա, ինչպես նաև շարժական կետերից խմիչքների ու ըմպելիքների վաճառքի վրա:
«Շահումով խաղերի հետ կապված սահմանափակումներից բացառություններ կարվեն ինտերնետի միջոցով իրականացվող շահումով խաղերն ու վիճակախաղերը»,- հավելեց փոխնախարարը:
Սահմանափակումները կգործեն ՀՀ ողջ տարածքում, սահմանափակումների ցանկը կարող է ընդլայնվել: Ինչ վերաբերում է ժամկետներին, նա ասաց, որ սահմանափակումները կգործեն մինչև արտակարգ դրության ժամկետի ավարտը, բայց չի բացառվում, որ ավելի շուտ կդադարեցվեն՝ կախված ՀՀ-ում տիրող իրավիճակից: