armtimes.com: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն այս պահին աշխատում է օրենսդրական նախաձեռնության վրա, որով կկարգավորվեն արտակարգ դրության պայմաններում գործատու-աշխատող հարաբերությունները: Այս մասին տեղեկացրեց ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:
«Օրենսդրությամբ կարգավորված չեն այս տեսակ հատուկ դեպքերը: Եղել է վարչապետի հանձնարարություն, որ այս արտակարգ իրավիճակում ինչ-որ լուծում տրվի հարցին: Հիմա Կառավարությունը մի օրենսդրական նախաձեռնություն է անում, որն առաջիկա շաբաթների ընթացքում կբերի խորհրդարան: Խոսքը վերաբերում է Աշխատանքային օրենսգրքում փոփոխությանը, որով կնախատեսվի, որ այս տեսակ հատուկ դեպքերում, եթե գործատուն չի կարողանում աշխատանքն ապահովել հեռավար կարգով, ապա աշխատողներին ոչ թե պետք է ուղարկի իր հաշվին արձակուրդի, այլ աշխատողը պետք է մնա տանը եւ որոշակի չափով վարձատրություն ստանա: Իսկ եթե հեռավար է կազմակերպվում աշխատանքը, ապա աշխատավարձը պետք է վճարվի լրիվ չափով»,- տեղեկացրեց պատգամավորը:
Իսկ արդյո՞ք այդ փոփոխությունը կտարածվի այս օրերին առաջացած խնդիրների վրա՝ պատգամավորն ասաց, որ այն գրվում է հատուկ այս արտակարգ դրության ընթացքում առաջացած դեպքերի առիթով։
«ՍԱՍ Գրուպ»-ի աշխատակիցներն այսօր հայտարարություն են տարածել, որ իրենց գործատուն հրաժարվում է հարկադիր պարապուրդի մատնված աշխատողներին աշխատավարձ վճարել: Հայտարարությունում նշվել է, որ աշխատողներին կանչում են ու պարտադրում դիմում գրել այն մասին, որ իրենք իրենց հաշվին գնացել են արձակուրդ, հակառակ դեպքում կհեռացնեն աշխատանքից:
Առավել մանրամասն՝ armtimes.com-ում