Չնայած երկրում հայտարարված արտակարգ դրությանը` մեր հանձնաժողովում աշխատանքները շարունակվում են նույն ակտիվությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։
Մարտի 18-ին Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ գումարվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նաիրա Զոհրաբյանի, Հարություն Բաբայանի հեղինակած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող Մխիթար Հայրապետյանի տեղեկացմամբ՝ օրինագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ չեն ներկայացվել: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ աշխատելու արդյունքում կատարվել է տեխնիկական բնույթի մի քանի փոփոխություն, բովանդակային որևէ փոփոխության օրենքի նախագիծը չի ենթարկվել:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Վարդևան Գրիգորյանի, Սերգեյ Բագրատյանի հեղինակած «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հեղինակներն առաջարկում են օրենքով սահմանել ՀՀ դպրոցներում «դասարանի ղեկավար» հասկացությունը:
Ըստ հիմնական զեկուցող Միքայել Մելքումյանի` դասղեկների պարտականությունների կատարման համար վարձավճարի չափը յուրաքանչյուր դպրոց սահմանում է ինքնուրույն` համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում: Արդյունքում` նույն աշխատանքները կատարող մանկավարժները դպրոցների մի մասում վարձատրվում են, մյուսներում` ոչ, իսկ վարձատրության դեպքում երբեմն գործում են վարձավճարի տարբեր չափեր: Կարևորելով և վերաիմաստավորելով դասղեկի ինստիտուտը, հեղինակներն առաջարկում են խնդրին տալ իրավական կարգավորում՝ բացառելով մանկավարժների նկատմամբ տարբերակված մոտեցումը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ներկայացնելով Կառավարության կարծիքը, նշել է, որ նախագիծը լրացուցիչ քննարկման կարիք ունի, ինչի հետ համաձայնելով համահեղինակ Միքայել Մելքումյանն առաջարկել է մինչև 2 ամիս ժամկետով հետաձգել օրինագծի քննարկումը:
Մինչև հաջորդ Ազգային ժողովի հերթական նիստը հետաձգվել է նաև «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել մեկ եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տևողութամբ գովազդ հեռարձակելու իրավունք:
Հիմնական ցեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանի խոսքով՝ օրինագծի ընդունմամբ Հանրային հեռուստաընկերությունը հնարավորություն կունենա համալրելու իր եկամուտները և գովազդից ստացվող միջոցներն ուղղել տեխնիկական կարիքները հոգալուն, եթերացանցի բարելավմանը, արտադրվող հեռուստաարտադրանքին հասանելիության բարձրացմանը, նոր և առավել հետաքրքիր հեռուստանախագծերի ստեղծմանն ու կարևոր գաղափարների կենսագործմանը, կադրերի արտահոսքի կանխմանը և այլն:
Հանձնաժողովի անդամների գնահատմամբ՝ օրինագիծն անհավասար պայմաններ է ստեղծելու Հանրային հեռուստաընտերության և մյուսների միջև:
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ օրինագիծը միտված է ստեղծված մոնոպոլիան վերացնելուն: Մխիթար Հայրապետյանն ընդգծել է եվրոպական երկրների հանրային հեռուստաընկերությունների գովազդի առկայությունը: Նա կարևորել է յուրաքանչյուր հեռուստաալիքով հեռարձակվող գովազդի վերահսկողությունը: Մխիթար Հայրապետյանն անընդունելի է համարել օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը 24 ժամյա ռեժիմով անցկացնելը:
Եզրափակիչ ելույթներում հիմնական և հարակից զեկուցողներն անդրադարձել են պատգամավորների բարձրացրած մտահոգություններին:
Օրենքի նախագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: