Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները:
Նախագահի տեղեկատվության վարչությունը հայտնում է, որ այս օրենքները, մասնավորապես, նպատակաուղղված են մեր երկրում հեռավար կրթության համակարգի ներդրմանը:
«Նոր կորոնավիրուսի տարածմամբ և մեր երկրում արտակարգ իրավիճակի հայտարարմամբ պայմանավորված՝ պետությունը պարտադրված է գնալ մինչ այժմ չկիրառված կամ ոչ այնքան կիրառված քայլերի: Այդ շրջանակում է նաև անցումը հեռավար կրթության», – ասված է հայտարարությունում:
Նախագահ Սարգսյանը ողջունում է այս օրենքների ընդունումը և կարևորում հեռավար կրթության մոդելի ներդրումը:
«Հեռավար ուսուցումը, որը հիմնված է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների լայնածավալ կիրառման վրա, ներկայումս կարող է որոշակիորեն լուծել կրթական գործընթացում հայտարարված երկարատև դադարի խնդիրը, ինչպես նաև նպաստել կրթության հասանելիությանը: Ժամանակակից տեխնոլոգիաների և թվային լուծումների կիրառմամբ իրականացվող ուսուցումը կարևոր քայլ է կրթական համակարգն առավել արդյունավետ ու ճկուն դարձնելու ուղղությամբ և մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ մեր կյանքի թվայնացումն այլընտրանք չունի: Սա նաև նոր հնարավորություն է՝ ավելի լուրջ և հիմնավոր ուշադրություն դարձնել նոր տեխնոլոգիաների զարգացմանը դպրոցում, բուհում, աշխատավայրում և ընդհանրապես կյանքում», – նշված է հաղորդագրությունում: