ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից խոսեց այն մասին, թե ինչու թե ինչու բանկային համակարգը չի հայտարարում տոտալ վարկային արձակուրդ:
Նրա խոսքով՝ բանկերն ասում են, որ ասենք, ունեն 100 հաճախորդ, որոնցից 80-ը կամ 85-ը պարտաճանաչ են եւ ունեն վստահելի հարաբերություններ, բայց մյուս 15-ը անպարտաճանաչ են.
«Բանկերն ասում են՝ այդ 85-ի հետ մենք կնստենք հատ-հատ կխոսենք, եւ հարցերը կլուծենք, բայց ունենք 15 անպարտաճանաչ հաճախորդ, որոնք կապ չունի՝ հայտարարել ես վարկային արձակուրդ, թե ոչ, իրենք անընդհատ նույն պրոբլեմն են: Ինչու մենք համատարած եւ լավ, եւ վատ հաճախորդին տանք վարկային արձակուրդ: Այն ժամանակ, երբ կորոնավիրուսը չկար, նա նորմալ չէր վճարում, հիմա ասենք՝ եղբայր, հիմա ընդհանրապես մի վճարիր»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս փաստարկը հիմնավոր է համարում։
Ինչ վերաբերում է կառավարության կողմից ձեռնարկվող աջակցության ծրագրերին, վարչապետն ասաց, որ նախ իրենց ընդհանուր պատկերացումը այն է, որ պետք է միջոցառումների արդյունքում պետության ֆիսկալ քաղաքականությունը չխաթարվի․
«Որովհետեւ եթե պետությունը պիտի գործառույթներն իրականացնի, պետք է գեներացնի եկամուտներ։ Գիտակցո՞ւմ ենք արդյոք, որ տնտեսվարողները այս ֆորսմաժորային իրավիճակում կարող են ունենալ դժվարություններ իրենց ֆիսկալ պարտականությունները կատարելու առումով: Այո՛, գիտակցում ենք, եւ դրա համար մենք պատրաստ ենք քննարկել եւ կքննարկենք, թե ինչպես աջակցել էդ մարդկանց, որ իրենց հարկային պարտավորությունները կատարեն»,-ասաց վարչապետը:
Նա կարծիք հայտնեց, որ այս ճգնաժամային իրավիճակը ինչքան պրոբլեմներ է ստեղծել կառավարության համար, այնքան էլ ազատում է ձեռքերը, որ ավելի վստահ լինեն, որ կարողանան հասանելի ֆինանսական միջոցներ ներգրավել եւ ՀՀ-ում իրականացնել այնպիսի կապիտալ ծրագրեր, որոնց վերաբերյալ մի տարի առաջ մտավախություն ունեին, թե մեր պարտքի բեռը կթեթեւանա․
«Հիմա կարող ենք ավելի համարձակ լինել։ Խոսքը մասնավորապես պետական կապիտալ ներդրումների մասին է»,- շեշտեց Փաշինյանը։