Երևանի ժամանակով 23:23-ին Հռոմից հատուկ չվերթ իրականացրեց «Atlantis European Airways» հայկական ավիաընկերության ինքնաթիռը՝ Երևան տեղափոխելով Իտալիայի տարբեր շրջաններում գտնվող և հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Այս ողջ ընթացքում մեր դիվանագիտական ներկայացուցչությունը մշտական կապի մեջ է եղել ՀՀ քաղաքացիների հետ՝ նրանց ժամանակին իրազեկելով Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման աճին զուգահեռ ՀՀ կառավարության և դեսպանության կողմից ձեռնարկվող համապատասխան քայլերի մասին, կազմակերպել մեր քաղաքացիների վերադարձին առնչվող հարցերը։
Ուղևորներին տրամադրվել են դիմակներ, ապահովվել են առողջապահական անվտանգության միջոցառումները: Վերջիններիս թռիչքի ընթացում ուղեկցելու են բուժաշխատողներ: Հայաստան վերադարձած մեր քաղաքացիները կգտնվեն 14-օրյա կարանտինում: Մեր հայրենակիցներին մաղթում ենք ապահով թռիչք և բարի վերադարձ հայրենիք»,- գրել է նա։