Ամեն օր կախտահանվի շուրջ 150 ավտոբուս, 40 տրոլեյբուս և մետրոյի 30 վագոն. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ՀՀ առողջապահության նախարարության ցուցումով ախտահանվում է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հանրային տրանսպորտը: Այսօրվանից սկսած ախտահանման աշխատանքներ կիրականացվեն ամեն օր՝ յուրաքանչյուր հերթափոխից հետո: Ընդհանուր առմամբ ամեն օր կախտահանվի շուրջ 150 ավտոբուս, 40 տրոլեյբուս և մետրոյի 30 վագոն:

«Քաղաքապետի անմիջական հսկողության ներքո է ողջ գործընթացը: Յուրաքանչյուր աշխատանք անմիջապես զեկուցվում է: Ախտահանման աշխատանքները կիրականացվեն այնքան ժամանակ, որքան կպահանջվի առողջապահության նախարարի համապատասխան ցուցումով: Այս պահին մենք ավտոբուսների հավաքակայանում ենք: Նույն մոտեցմամբ կախտահանվեն նաև տրոլեյբուսները և մետրոյի վագոնները։ Հասարակական տրանսպորտը սպասարկող մասնավոր ընկերություններին ևս ուղարկվել են առողջապահության նախարարի ցուցումները և հորդորել ենք, որպեսզի նրանք ևս իրականացնեն նմանատիպ աշխատանքներ»,- նշում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժ/պ Էդգար Գալստյանը:

Հասարակական տրանսպորտը ախտահանվում է ժամանակակից տեխնիկական միջոցներով և հատուկ նյութով: Աշխատանքներն իրականացվում է «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ կողմից:

«Ախտահանումն իրականացվում է ամենաառաջադեմ ֆրանսիական սուրֆանիոզ հատուկ նյութով, որը բարձր արդյունավետությամբ է ազդում բոլոր վիրուսների վրա: Առավոտյան ուղևորները կարող են հանգիստ օգտվել հասարակական տրանսպորտից: Նույն նյութը կիրառվում է նաև աշխարհի տարբեր երկրներում»,- նշում է «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ տնօրեն Մելս Պողոսյանը:

Կեսգիշերից հետո աշխատանքները կմեկնարկեն նաև Երևանի մետրոպոլիտենում: Մասնագիտացված հատուկ խմբերը կշրջեն բոլոր կայարաններում և արդեն առավոտյան մետրոն ևս ախտահանված ու պատրաստ կլինի շահագորման:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով