news.am: Ես շատ կասկածում եմ, որ հիվանդությունները սահմաններ են ճանաչում: Այս մասին հայտարարել է Եվրոպական Կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահ Քրիստինա Լագարդը` մեկնաբանելով նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը` եվրոպական մի շարք երկրների քաղաքացիների համար մուտքը Միացյալ Նահանգներ ժամանակավորապես արգելելու մասին որոշումը:
«Ես չպետք է մեկնաբանեմ որեւէ կառավարության այս կամ այն միջոցառումը: Բայց ես շատ կասկածում եմ, որ հիվանդությունները անձնագրեր ունեն եւ գիտեն սահմանների մասին»,- ասել է Լագարդը CNBC- ին: «Նրանք անտեսում են այդ սահմանները, եւ ես կարծում եմ, որ բոլոր տնտեսությունները պետք է հիշեն դա` տնային տնտեսությունների, մարդկանց, ձեռնարկությունների պաշտպանության նպատակով ճիշտ քայլեր ձեռնարկելու համար»,- հավելել է նա:
ԵԿԲ-ն նախօրեին որոշում էր կայացրել չնվազեցնել տոկոսադրույքները` չնայած շուկայի սպասումներին: Այնուամենայնիվ, ԵԿԲ-ն հայտարարել է բանկային վարկավորմանն աջակցելու միջոցառումների մասին եւ 120 միլիարդ եվրոյով ընդլայնել է իր ակտիվների գնման ծրագիրը:
Շուկայի մասնակիցները, որպես եվրոյի տնտեսության խթանման միջոց, տոկոսադրույքների իջեցում էին ակնկալում 10 բազային կետով` այն մտավախությունների ֆոնին, որ ռեցեսիան շուտով հարված կհասցնի տարածաշրջանին: Թե՛ Դաշնային պահուստային համակարգը, թե՛ Անգլիայի բանկը նախորդ շաբաթ կրճատել են տոկոսադրույքները: