Երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակի բերովի դեպքերով պայմանավորված Գեղարքունիքի մարզում արտակարգ իրավիճակների արձագանքման նպատակով ստեղծվել է աշխատանքային թիմ, որի առաջին նիստը տեղի ունեցավ 2020 թվականի մարտի 12-ին, Գեղարքունիքի մարզպետարանում՝ աշխատանքային թիմի անդամների մասնակցությամբ:
Հանդիպումը վարեց Գեղարքունիքի մարզպետ, աշխատանքային թիմի ղեկավար Գնել Սանոսյանը: Մարզում կորոնավիրուսով պայմանավորված դեպքերի հետ կապված իրավիճակը ներկայացրեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Գեղարքունիքի մասնաճյուղի աշխատակից Ժաննա Մակարյանը:
Նա նշեց, որ վերջին երկու շաբաթների ընթացքում ռիսկային երկրներից մարզ են ժամանել 21 համաքաղաքացիներ, որոնցից այս պահի դրությամբ հսկողության տակ են գտնվում 4-ը: Մնացած քաղաքացիները միանգամայն առողջ վիճակում են:
Հրահանգված է կրթական և նախակրթական հաստատություններն ապահովել մշտական ջրով և ախտահանիչ նյութերով, բուժաշխատակիցների միջոցով ապահովված է ամենօրյա հերթապահություն և վերահսկողություն:
Ինչպես նշեց թիմի անդամ, մարզպետարանի քարտուղարության ընդհանուր բաժնի պետ Սիմոն Մանուկյանը, մարզում առանձնացված են այն չորս հյուրանոցային համալիրները, որտեղ, անհրաժեշտության դեպքում, կմեկուսացվեն և բուժում կստանան հայտնաբերված հիվանդները: Աշխատանքային թիմի մյուս անդամների առաջարկությամբ՝ նպատակահարմար գտնվեց չեղարկել նախoրոք հայտարարված մասսայական բնույթի միջոցառումները և նվազագույնի հասցնել մարդկային կուտակումները և շփումները:
«Մենք առաջին հերթին պետք է ի հայտ բերենք ռիսկային բոլոր վտանգները և հստակեցնենք մեր գործողությունների պլանը: Առաջին հերթին հարկավոր է այնպես անել, որ մարդկանց մոտ խուճապային տրամադրություններ չստեղծվեն: Հարկավոր է աշխատանքային ժամերից դուրս պահպանել հերթապահության ռեժիմը առաջնային առողջության պահպանման օղակում և հայտնաբերված դեպքերի մասով ձեռնարկել համապատասխան միջոցներ: Այն դպրոցներում, որտեղ բուժքույրերի կարիք է զգացվում, հարկավոր է բացը լրացնել բուժամբուլատորիաների մասնագետների հաշվին»,- նշեց Գնել Սանոսյանը, տեղեկացնում են մարզպետարանից: