armtimes.com: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար «Հեղափոխության պահապաններ» խմբի մասնակցի կողմից ներողություն պահանջելու հրապարակման հիման վրա Ոստիկանության Նաիրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Այս մասին տեղեկացրին Ոստիկանության լրատվական բաժնից:
Հիշեցնենք՝ օրերս, երբ վարչապետը նախընտրական քարոզարշավի ժամանակ «ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիր» անունով բուկլետ էր տվել մի երիտասարդ աղջկա, վերջինս այն պատռել էր և նետել վարչապետի ուղղությամբ։ Դրանից հետո համացանցում հրապարակվել էր տեսանյութ, որում աղջիկը ոմն «գյուղապետի» հետ զրույցում պատմում էր դեպքի մանրամասները, գյուղապետն էլ ընթացքում հայհոյանքներ էր հնչեցնում վարչապետի հասցեին: Դրանից հետո «Հեղափոխության պահապաններ» ներկայացած մի խումբ երիտասարդներ հանդիպել են «գյուղապետի» հետ եւ ասել, որ նա ներողություն խնդրի, ինչն էլ արվել է: Միաժամանակ «գյուղապետը» նշել է, որ տեսանյութը սարքած է եւ տեսանյութում ինքն ամենեւին էլ չի զրուցել այդ աղջկա հետ: