Ղարաբաղի կոնֆլիկտը չի կարող գերակա խնդիր չլինել ՀՀ իշխանությունների համար․ Մանվել Սարգսյան

Ղարաբաղի համակարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների ներկայիս ընթացքի, սահմանին տիրող իրավիճակի և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ։

Պարո՛ն Սարգսյան, վերջին շրջանում Ադրբեջանը հաճախակիորեն խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը, ունեցանք զոհ։ Ինչո՞վ է սա պայմանավորված։

Վիեննայում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից հետո ստեղծվեց մի վիճակ, որը բավականին բարդ է Ադրբեջանի համար: Փաշինյանը հայտարարեց, որ տվել է հարցեր և պարզաբանումներ է պահանջել թե՛ Ադրբեջանից, թե Մինսկի խմբից: Սակայն որևէ պատասխան չի ստացել: Դրանից հետո արդեն բանակցային պրոցեսը և շփումները օդից կախված մնացին: Ադրբեջանը չի կարող պատասխանել, թե ինչո՞ւ Արցախի ղեկավարությունը չպետք է մասնակցի բանակցություններին: Մինսկի Խումբը չի պատասխանել, թե ինչո՞ւ խախտելով մադատը դուրս է թողել Արցախին:

Հիշեցնեմ, որ վերջին մանդատը եղել է Բուդապեշտյան գագաթնաժողովում 1994 թվականին, որտեղ ամբողջ ԵԱՀԿ-ն որոշում է ընդունել, որ բանակցային հիմք ճանաչում է 1994 մայիսի 12-ին կնքած զինադադարի պայմանագիրը: Այդտեղ հստակ նշվել են երեք կողմերը՝ Հայաստան, Ադրբեջան և Արցախ: Փաստորեն, տարիներ անց նրանք փոխել են բանակցությունների ֆորմատը, այն վերածել են երկկողմ ֆորմատի։ Այս հարցն է, ըստ երևույթին, Փաշինյանը տվել նրանց․ թե ինչո՞ւ է խախտվել մանդատը, ինչո՞ւ է փոխվել ֆորմատը: Այստեղ որևէ մեկը իրավունք չուներ մանդատը խախտելով ֆորմատը փոխեր: Սա է խնդիրը։

Այս հարցերը բավականին վատ վիճակի մեջ են դրել թե՛ Մինսկի խմբին, թե՛ Ադրբեջանին: Այս դեպքում ի՞նչ անի Ադրբեջանը, այլևս անելիք չունի: Ամեն կերպ փորձում է վերադարձնել մինչև ապրիլյան պատերազմը եղած իրավիճակը, որը չի ստացվում:

ՀՀ ԱԳՆ վերջերս հանդես եկավ բավականին կոշտ հայտարարությամբ Ադրբեջաննի սադրանքների վերաբերյալ։ Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխանը ևս կոշտ էր։ Միմյանց մեղադրանքները ԱԳՆ-ների մակարդակով արդյոք խոսում է այն մասին, որ դիվանագիտական դաշտում երկու կողմն էլ պատին է դեմ առել։

Պարզապես պարզ հարցեր են դրված սեղանին, որոնց պատասխանները չկան։ Հիմա Ադրբեջանը փորձում է հանդես գալ կոշտ դիրքորոշմամբ շփման գծում, ինչ-որ սադրանքների դիմել, որպեսզի հանի իր առջև դրված խնդիրները, որովհետև իրենք չեն կարողանում պատասխանել։ Առանց դրանց էլ ի՞նչ բանակցությունների մասին կարող ենք խոսել:

Այստեղ կարևորն այն է, որ Հայաստանը շարունակի պնդել իր պահանջները: Հայաստանը թելադրեց իր օրակարգը, որը բավականին ընդունելի է բոլորի համար: Սա շատ կարևոր է: Ժամանակին անսկզբունքային եղան ՀՀ նախկին իշխանությունները, որը բերեց այս վիճակին: Հիմա պետք է նոր իշխանությունը պարզ ու հստակ դնի, որ նման անպտուղ վեճերից խուսափելու համար, պատասխանատվության կանչելու համար պետք է սահմանին վստահության մեղանիզմները տեղադրվեն:

Տեսակետ կա, որ ՀՀ իշխանությունները Ղարաբաղի հակամարտությունը որպես գերակա խնդիր չեն դիտարկում և այս հարցին քիչ ուշադրություն է դարձվում։ Արդյոք համաձա՞յն եք այս կարծիքի հետ։

Ո՞նց կարող է Ղարաբաղի կոնֆլիկտը գերակա չլինել ՀՀ իշխանությունների համար։ Ուրիշ բան չեմ ասում, միայն հենց անվտանգության խնդիրը ո՞նց կարող է գերակա չլինել: Ուշադրությունը գալիս է հանրությունից: Ես նկատել եմ, թե ինչ է հետաքրքրում հանրությանը ընդհանրապես Արցախի հետ կապված: Իրականությունը մի ուղղությամբ է զարգանում, բայց մամուլում նայում ես լրիվ ինչ-որ արհեստական հորինած թեմաներ են․ հակադրություններից են խոսում ինչ-որ , չգիտեմ ինչերից են խոսում:

Մի մարդ ֆեյսբուքում մի բան է գրում, մեկ շաբաթ դրանով են զբաղվում: Այսինքն՝ ինֆորմացիոն դաշտը լրիվ նեղացված է: Արցախի խնդրի և Արցախի շուրջ շատ նեղ է ինֆորմացիան: Դրա համար տպավորություն կա, թե հետաքրքրություն չկա, գերակա չէ այդ խնդիրը: Հետաքրքրությունը միշտ կա, պարզապես դրա էությունն է պետք հասկանալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով