tert.am: 2019 թ. թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանության ծավալը նվազել է մոտ 40 տոկոսով, թեև այդ շարքում կան բավական անորակ աշխատանքներ: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը:
Ըստ Գոգյանի՝ որակյալ կադրերը խուսափում են գիտական աստիճանաշնորհման համակարգի հետ գործ ունենալուց, քանի որ հաճախ վարկաբեկվում են, ներքաշվում սկանդալների մեջ. «Երբ հայցորդը բողոքում է, որ ձևավորված խորհուրդն իր հանդեպ թշնամական վերաբերմունք է ցուցաբերում, հնարավորություն ենք տալիս իր թեկնածուներին առաջարկելու, ընդ որում՝ նույնիսկ այդ դեպքերում երբեմն բացասական եզրակացություններ են գրվում»:
ԲՈԿ նախագահի կարծիքով՝ պաշտոնատար անձինք չեն կարող միաժամանակ արդյունավետ գիտական գործունեություն ծավալել, և հաճախ անհասկանալի է նրանց մղումը՝ ամեն գնով գիտական աստիճան ստանալ. «ԲՈԿ-ի լիազորությունները շատ սահմանափակ են, անձնակազմն էլ ընդամենը 14 հոգի է: Մենք չենք կարող բոլոր նախկին ատենախոսությունները քննել, անցյալը քչփորել, միգուցե տակից դուրս չգանք»:
Սմբատ Գոգյանի պնդմամբ՝ այսօր էլ ասպիրանտուրան շարունակում է դիտարկվել իբրև զինծառայությունից ազատվելու միջոց. «Շատ ասպիրանտների հետ անձնական շփումս հուշում է, որ նրանց մոտիվացիան բնավ գիտությամբ զբաղվելը չէ: Տարեկան 100-150 ասպիրանտ ենք ունենում, եթե նրանց կեսն էլ գիտությամբ զբաղվի, էլի լավ է»:
Ավելին՝ tert.am կայքում: