armtimes.com: Այն հանձնարարականները, որ տրվել են վարչապետի կողմից` իրականացվում են։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Նրա պնդմամբ՝ այժմ ավելի խիստ վերահսկողություն է իրականացվում։
«Մենք երեկ հայտարարություն տարածեցինք նաև ծառայության հետ կապված որոշակի ոչ իրավաչափ իրեր վերցնելու հետ կապված, օրինակ`սմարթֆոնների»,– ասաց Բալայանը։
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչու բարոյահոգեբանական վարչության պետը հեռացավ պաշտոնից, եթե վարչապետի խոսքով՝ 2019-ին բանակում զոհերի թիվը մինիմումի է եղել, Բալայանը պատասխանեց. «Վարչապետն այն իրավասու պաշտոնատար անձն է, որը կարող է համապատասխան հետեւություններ անել աշխատանքի որակից, եւ ենթադրում եմ, որ նա իր համապատասխանությանն է եկել եւ տեղի են ունեցել պաշտոնանկությունները»:
Անդրադառնալով Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանի պաշտոնանկությանը` Գաբրիել Բալայանը չհերքեց, որ նրա կոռումպացված լինելու մասին մամուլում պարբերաբար տարածվող լուրերը հասել են նաև ՊՆ ղեկավարությանը, բայց`անհետևանք։