Մշակույթի նախկին փոխնախարար Վահե Բուդումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Քննարկվում է Լոռու մարզային գրադարանում Լոֆթ կենտրոն տեղակայելու նախագիծը։ Առաջին հայացքից սա ոգևորիչ է թվում, սակայն իրականում պատկերը մտահոգիչ է։
2017-ից այս նախագիծը քննարկվում էր, բայց դեռ 2018-ին այն մերժեցինք, քանի որ նախագիծը էապես կխոչնդոտեր գրադարանի գործունեությանը, գումարած դրան, գործարքի պայմանները հավասարակշռված չէին: Եվ դա այն պարագայում, երբ այն ժամանակվա նախագծով Լոֆթը կապիտալ ներդրումներ էլ պետք է աներ:
Լոռու մարզային գրադարանը ամենախոշոր և ամենակտիվ պետական գրադարաններից է և բազմաթիվ երիտասարդ ու տարեց այցելուներ ունի։ Լոֆթին տարածք տրամադրելը առնվազն կիսով չափ կրճատում է գրադարանի տարածքը․գրադարանը զրկվում է ներկա ընթերցասրահից ու դահլիճից: Բնականաբար, դրվածքի փոփոխությունը բացասաբար կազդի առաջին հերթին տարեց ընթերցողների վրա։
Գրադարանների արդիականացումը և հատկապես մարզային գրադարանների ակտիվացումը շատ կարևոր են, բայց դա չպետք է արվի ի վնաս գրադարանի գործունեության:
Ժամանակին նախագիծը երկար քննարկվել է նաև տնօրինության և աշխատակիցների հետ, որոնք ևս կարծում են, որ նախագիծը, որքան էլ որ այն հետաքրքիր է թվում, կխոչնդոտի բուն գադարանի աշխատանքներին: Էլ չասած, որ պետք է հասկանալ նաև, թե ֆինանսապես արդարացվա՞ծ է արդյոք պետական հաստատության տարածքի մոտ 250 քմ առանց մրցույթի հատկացնելը շահույթ հետապնդող կազմակերպությանը։ Հուսով եմ, որ նախարարությունը նախքան կնքումը կհրապարակի գործարքի բոլոր պայմանները»։
Հոդվածի հղումը։