tert.am: Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց օրեր առաջ Անվտանգության խորհրդի կողմից պատրաստված զեկույցի արդյունքները՝ գլոբալ ցուցիչներում Հայաստանի շարժընթացի վերաբերյալ:
Վարչապետը հայտնեց, որ կյանքի որակի ցուցիչը՝ ըստ քաղաքների, շատ քիչ առաջընթաց ունի, տնտեսական ազատության ցուցիչով Հայաստանի դիրքերը վատացել են, պետք է հասկանալ՝ ինչն է պատճառը: «Գլոբալ գենդերային ճեղքվածք զեկույցում, որը վերաբերում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումներին, այստեղ լուրջ պրոբլեմ ունենք, և սա անթույլատրելի երևույթ է: Անհամատեղելի է մեր այսօրվա իրականության հետ, չի կարելի թույլ տալ»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թեև այս առումով աշխարհում վատթարագույն տեղերում ենք գտնվում, բայց նկատեց, որ այսօր ՀՀ բնակչության մեծամասնությունը կանայք են, իհարկե այստեղ որոշ դեր ունեցել է պատերազմը: «Մեր ազգային անվտանգությանն առնչվող գաղտնի փաստաթղթերից մեկում, որը գրվել է 2014 թվականին, կանանց դերի վերաբերյալ կա արձանագրում, որ նրանց դերի ընկալման այն իրավիճակը, որն այսօր ունենք, սպառնալիք են ստեղծում ազգային անվտանգության համար»,-ասաց նա:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ մշակվել է ազգային ծրագիր, և այն ավելի համակարգված կդարձնի այս գործողությունները:
Վարչապետը կոչ արեց հետևողական լինել այս հարցում: