armenpress.am: ՀՀ Արարատի մարզում 2019 թվականին իրականացվել է 58 սուբվենցիոն և 23 հրատապ ծրագրեր:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
«2019 թվականը Արարատի մարզի համար բարեհաջող է եղել՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման, ճանապարհաշինության, գյուղատնտեսության ոլորտներում գրանցած հաջողությունների առումով: 2018 թվականին իրականացրել ենք ընդամենը 4 սուբվենցիոն ծրագիր, իսկ 2019-ին՝ ներկայացրել ենք 80 հայտ, որից հաստատվել են 59-ը: Ցավոք, դրանցից մեկը՝ Այնթապի մշակույթի տան կառուցումը, կիսատ մնաց: 58 սուբվենցիոն ծրագրի մի մասը դեռևս ընթացքի մեջ է եղանակային պայմանների պատճառով: Կատարված ասֆալտապատման աշխատանքները գնահատվել են ոչ բավարար, սակայն մենք ընդառաջ ենք գնացել շինարարներին և թույլ տվել, որպեսզի մինչև 2020 թվականի օգոստոս ամիսը շտկեն իրենց թերությունները: Վարչապետը Կառավարության նիստերին և տարբեր առիթներով հայտնել է, որ անորակ աշխատանքը չպետք է ընդունել, և մենք էլ աշխատում ենք հենց այդ տրամաբանությամբ»,- նշեց Սարգսյանը:
Արարատի մարզի սուբվենցիոն ծրագրերի գումարն ընդհանուր առմամբ կազմում է 1.5 մլրդ ՀՀ դրամ:
Գարիկ Սարգսյանի խոսքով՝ 2019 թվականին մարզում իրականացվել են նաև 23 հրատապ ծրագրեր՝ մոտ 400 մլն դրամ արժողությամբ:
«Դրանք հիմնականում եղել են ոռոգման և խմելու ջրագծերի վերաբերյալ ծրագրեր: Մարզում անցկացվել են նաև 2 դպրոցի ջեռուցման համակարգ և վերանորոգվել 1 մանկապարտեզի տանիք»,- ընդգծեց Արարատի մարզպետը: