news.am: Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Իրաջ Հարիրչիի մոտ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել: Նման հայտարարություն է այսօր արել պաշտոնյան։
«Ցանկանում եմ հայտնել, որ իմ մոտ կորոնավիրուս է: Երեկվանից ջերմություն ունեմ, նախնական անալիզը դրական արդյունք է տվել: Երեկվանից ես ինքնս ինձ մեկուսացրել եմ»,- նրա խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը:
Պաշտոնյայի խոսքով՝ Իրանը կհաղթահարի վիրուսը առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: «Վիճակս վատ չէ, միայն ջերմութոյւն ունեմ»,- հավելել է նա:
Բացի այդ, կորոնավիրուսով վարակման մասին հայտնել է պատգամավոր Մահմուդ Սադեկին: «Ինձ մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Այս մասին ես հայտնում եմ այն ժամանակ, երբ որեւէ հույս չունեմ, որ կկարողանամ ապրել»,- գրել է նա Twitter-ում։
Իրանի առողջապահության նախարարությունը փետրվարի 19-ին հայտնել է երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի մասին: Վերջին տվյալների համաձայն՝ վարակվել է մոտ 95 մարդ, 15 մահվան դեպք է գրանցվել: