tert.am: Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքում մի քանի օրից կմեկնարկեն շինարարական աշխատանքները, ծննդատան փակման հարցը վերջնականապես լուծվել է: Այս մասին ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
«Մենք էլ ձեռնամուխ ենք եղել ծննդատան հիմնանորոգման և լիովին վերազինմանը: Հիմնովին կվերանորոգվի ծննդօգնության բաժանմունքը, այդ թվում՝ բաժանմունքի առանձին մուտքը, կանանց կոնսուլտացիոն հատվածը, ծննդօգնության հարկաբաժինները, որից հետո բաժանմունքը կհամալրվի լիովին նոր գույքով և կվերազինվի նորագույն բժշկական սարքավորումներով»,- մանրամասնեց մարզպետը:
Նա տեղեկացրեց, որ այս տարվա պետպատվերի գումարը դարձյալ փոխանցվել է ծննդատանը, և այն բնականոն աշխատում է:
«Նաիրի» ԲԿ-ում տեղի է ունեցել նաև տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի փոփոխություն: «Տնօրենի ԺՊ-ի փոփոխությունը պայմանավորված է ավելի էֆեկտիվ կառավարելու, ճգնաժամային կառավարման գործիքակազմով առաջնորդվելու և կարճ ժամկետում առավելագույն արդյունք ապահովելու նպատակով է արվել»,- պարզաբանեց Պետրոսյանը՝ ընդգծելով, թե տնօրենի նախորդ ԺՊ-ն այս ունակությունները չուներ:
«Ինքն էլ հասկացավ, որ չի կարող հաղթահարել այն խնդիրները, որոնք մեր կողմից դրվեցին իր առջև»,- հավելեց մարզպետը՝ տեղեկացնելով նաև, որ շուտով տնօրենի հաստիքի մրցույթ է հայտարարվելու: