Հորդորում ենք Երևանի քաղաքապետարանին և ԿԸՀ-ին վերանայել պաստառների տեղադրման վայրերը․«Անկախ դիտորդ» դաշինք

«Անկախ դիտորդ» դաշինքը  նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քարոզչական պաստառի օգտագործման կարգի վերաբերյալ հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան էջում․

«Ահազանգ քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված անվճար վահանակների տեղադրման հետ կապված։

Ստորև բերված նկարներում Անկախ Դաշինքի երկարաժամկետ դիտորդներն արձանագրել են Երևանում բազմաբնակարան շենքերի և հանրակրթական դպրոցների վրա պաստառների համար նախատեսված վահանակների փակցման բազմաթիվ դեպքեր, ինչը վկայում է օրենսգրքում եղած գերկարգավորման և բացերի շփոթեցնող ազդեցության մասին⁉️։

 Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քարոզչական պաստառի օգտագործման կարգի վերաբերյալ Ընտրական օրենսգրքի կարգավորումները (Հոդված 21, մաս 3) պարտավորեցնում են համայնքի ղեկավարին համայնքի տարածքում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնել։

 Միաժամանակ ընտրական օրեսնգիրքը սահմանում է, որ համայնքի ղեկավարը պարտավոր է համայնքի տարածքում առանձնացնել քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար անվճար տեղեր, ինչից ուղղակիորեն բխում է, որ համայնքի ղեկավարի որոշմամբ առանձնացված տեղերը պետք է և կարող են լինել բացառապես համայնքին պատկանող տարածքներում և համայնքի օրինական օգտագործման տակ գտնվող գույքի վրա։

Ստացվում է, որ համայնքի ղեկավարը իրավասու չէ այլ անձանց պատկանող տարածքներում, բնակելի տների կամ բազմաբնակարան շենքերի վրա սահմանել քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար անվճար տեղեր, այն հաշվառմամբ, որ դրանք ուղղակի համայնքապատկան չեն։

Հակառակ դեպքում ստացվում է, որ օրենսգիրքը արգելում է բազմաբնակարան շենքի վրա քարոզչական պաստառներ փակցնելը նույնիսկ ֆիզիկական անձանց թույլատվությամբ, բայց նույնիսկ բնակիչների անհամաձայնության դեպքում չի արգելում նույն գործողությունը, եթե պաստառի և բազմաբնակարան շենքի արանքում համայնքի ղեկավարի որոշմամբ տեղադրված է հատուկ վահանակ։

Հարկ է նշել, որ նույն հոդվածի 2-րդ մասում՝ ֆիզիկական անձանց համաձայնությամբ քարոզչական պաստառներ փակցնելու վերաբերյալ բացառություններն այնքան մանրամասն են, որ դառնում են անհարկի սահմանափակում։ 

Այնուամենայնիվ Երևան քաղաքում համայնքի ղեկավարի որոշմամբ առանձնացված տեղերի թվում բազմաթիվ են և բազմաբնակարան շենքերը, և հանրակրթական դպրոցներն ու դրանց հարակից տարածքները (հստակ չէ, թե արդյոք հարակից տարածք է օրինակ դպրոցի դարպասը)։

Դաշինքը հորդորում է Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովին և Երևանի քաղաքապետարանին վերանայել պաստառների տեղադրման վայրերը՝ ապահովելով օրենսգրքի պահանջների կատարումը։
Միաժամանակ Ընտրական օրենսգրքի հետագա փոփոխություններում անհրաժեշտ է քննարկել այնպիսի կարգավորումների սահմանումը, որոնք կօգնեն խուսափել արտահայտման ազատության անհարկի սահմանափակումներից»։

Հիշեցնենք, որ «Անկախ դիտորդ»-դաշինքը հավաքագրում է դիտորդներ և գործընկերներ, որոնք պատրաստ են համագործակցել կամավոր հիմունքներով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին դիտորդություն անելու համար։

Մասնակցության հայտը՝ այստեղ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով