tert.am: Իրանի Իսլամական Հանրապետությունում կորոնավիրուս հայտնաբերելու դեպքերի հետ կապված «Մեղրի» անցակետում հսկողությունն էլ ավելի է ուժեղացվել, որպեսզի կանխվի համաճարակի՝ Հայաստան ներթափանցումը: Այս մասին ասաց ՀՀ ԱԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ Լիանա Եղիազարյանը։
«Կորոնավիրուսի վերաբերյալ ահազանգերից հետո Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն անմիջապես քննարկել է ուժեղացված վերահսկողական աշխատանքների անցնելու հարցերը։ Տեսչական մարմինը Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ-կետ ևս երկու աշխատակից է գործուղել»,- ասաց նա։
Եղիազարյանի խոսքով՝ նկատի առնելով, որ Իրանում կան համաճարակային դեպքեր և որպես հարևան երկիր՝ դեպի Հայաստան հոսքը կարող է ավելանալ՝ Մեղրիի անցակետում երկիր մուտք գործողների հանդեպ զննումներն ու հարցումներն ավելի մեծ թիմով են իրականացվում, չնայած, որ նախկինում ևս հսկողություն եղել է։
Բացի «Մեղրիի» անցակետից, մյուս անցակետերում ևս հսկողություն է սահմանված։ «Հատկապես, Չինաստանից եկողների համար լրացվում են հասցեական քարտեր, ստուգվում է բոլորի առողջական վիճակը, իսկ 37 և ավելի ջերմության դեպքում՝ մեկուսացվում և հոսպիտալացվում են»։