Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, խոսելով Սահմանադրական դատարանի խնդիրներից, նշեց, որ նախկինում ՍԴ-ն ձևավորվել է, որ պաշտպանի ապօրինի իշխանության շահերը։
«ՍԴ-ն, իմ գնահատմամբ, շարունակում է և շարունակելու է ծառայել նախորդ կոռումպացված իշխանության շահերին, եթե մենք այսօր չփոխենք»,- ասաց նա։
Այն դիտարկմանը, որ ընթանում է Ռոբերտ Քոչարյանի դատը, և իշխանությունը այս հարցում Սահմանադրական դատարանի կողմից իրեն ոչ հաճելի որոշում կայացնելուց խուսափելու համար է փորձում ազատվել ՍԴ դատավորներից, վարչապետը պատասխանեց․
«Երբ ես վարչապետ ընտրվեցի, ես հրապարակային հայտարարեցի, որ հրաժարվում եմ ընդհանրապես միջամտել դատական իշխանության գործերին և հրաժարվում եմ դատական իշխանությանը կառավարության կողմից հրահանգներ իջեցնելուն։ Մենք տեսանք, որ հանրությունը դատական իշխանության կայացրած որոշումների պատասխանատվությունը շարունակում է դնել կառավարության վրա»։
Ըստ Փաշինյանի՝ պատճառը տոտալ անվստահությունն է դատական համակարգի նկատմամբ։ Մարդիկ տեսել են, որ ՀՀ-ում դատական համակարգը, այդ թվում՝ ՍԴ-ն, անկախ չէ, որովհետև ՍԴ-ն ուղղակի կամ անուղղակի մասնակցել է բոլոր նախագահական և խորհրդարանական ընտրություններում ժողովրդի կամարտահայտման դեֆորմացմանը։
«Մենք ասում ենք՝ ժողովո՛ւրդ ջան, եկեք ձևավորենք անկախ դատական համակարգ, որ երբ ՍԴ-ն, առաջին ատյանի դատարանը ինչ-որ բան կորոշեն, մենք չսկսենք քննարկել, թե ով ինչ ազդեցություն գործեց, այլ ասենք՝ մեր դատարանը որոշել է, քննարկման ենթակա չէ»,- նշեց վարչապետը։