Սուր շնչառական վարակներն աճի միտում ունեն, 1894 երեխայի մուտքը կրթական հաստատություններ արգելվել է. ՀՀ ԱՆ

Օրական կտրվածքով շարունակվում է սուր շնչառական վարակների համաճարակաբանական դիտարկումը, որի արդյունքները փաստում են, որ հիվանդացությունն ունի աճման միտում: Հիվանդացության աճ է գրանցվել ամբուլատոր պոլիկլինիկական, հիվանդանոցային կազմակերպություններ իմելիության և շտապ օգնության կանչերում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:

Սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության համաճարակաբանական մշտադիտարկումը շարունակվում է նաև դպրոցներում և նախադպրոցական կազմակերպություններում: Այսօրվա տվյալներով` հանրապետությունում սուր շնչառական վարակներով բացակայությունը կազմել է 3,8%-ը: Եզակի կրթական կազմակերպություններում արձանագրվել են սուր շնչառական վարակներով բացակայության բարձր ցուցանիշներ: Սուր շնչառական վարակների տարածումը կրթական հաստատություններում հնարավորինս բացառելու նպատակով այդ կազմակերպություններում՝ ներգրավելով շահագրգիռ կառույցների ներուժը, ուժեղացվել է համաճարակային ֆիլտրը: Արդյունքում՝ չի թույլատրվել 1894 երեխայի մուտքը կրթական հաստատություններ: 723-ը Երևանում, 1171-ը՝ մարզերում:

Նախարարությունը նաեւ հիշեցնում է, որ հանրապետությունում դեռևս շրջանառում են գրիպի  Ա H1N1 ենթատեսակը և Բ տեսակը, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս):

Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝  առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է պատվաստվել սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով հաշվառման պոլիկլինիկա, խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից:

«Եթե հիվանդ եք՝ մնացեք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,

եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի զբաղվեք ինքնաբուժմամբ,

մի օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,

հագնվեք եղանակին համահունչ,

պահպանեք հազի և փռշտալու վարվելակարգը,

օգտագործեք հնարավորինս շատ հեղուկներ,

հաճախակի օդափոխեք փակ տարածքները,

հետևեք անձնական հիգիենային»,-տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով