Մարուքյանը հավանական է համարում, որ նախագահը հանրաքվեի մասին հրամանագիր չի ստորագրի |azatutyun.am|

azatutyun.am:  Անիմաստ է հիմա քննարկել քարոզարշավը, քանի որ որոշումն ընդունվել է հակասահմանադրական ճանապարհով ու դեռ պարզ չէ՝ հանրապետության նախագահը կստորագրի՞ այն, թե՞ ոչ, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադառնալով հարցին՝ կմասնակցի՞ «Լուսավոր Հայաստանը» հանրաքվեին նախորդող քարոզարշավին, պատասխանել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Սպասում ենք նախագահի գործողությանը, հույս ունենք, որ չի ստորագրի և կդիմի Սահմանադրական դատարան: Վստահ եմ, որ նախագահականում նստած իրավաբանները տեսել են, գիտեն, թե ինչ խախտումներ են տեղի ունեցել ու չեն կարող դրա առաջ աչք փակել», – ընդգծեց նա:

Որպես ակնառու խախտումներ՝ խմբակցության ղեկավարն առանձնացրել է մի քանիսը. «Սահմանադրական փոփոխություն չի կարող լինել, Ազգային ժողով ընդհանրապես չի կարող ներկայացվել նման փաստաթուղթ՝ առանց պետաիրավական հանձնաժողովի եզրակացության: Երեկվա ամբողջ ընթացակարգը խախտված էր: Դրան գումարած՝ սահմանադրական փոփոխություն չեն կարող անել անցումային դրույթի մեջ: Չեն կարող անել անձի կարգավիճակը վատթարացնող հետադարձ ուժ տվող դրույթով… Ես կարող եմ բազմաթիվ խախտումներ թվարկել, մեր իրավաբանները կազմում են, կարող է 10-15 հոդված ունենանք: Խախտումների այս փունջը պետք է թույլ չտա, որ Հանրապետության նախագահը ստորագրի այս փաստաթուղթը», – նշել է նա:

Էդմոն Մարուքյանը հիշեցրել է, որ յուրաքանչյուր սահմանադրական մարմին ունի իր լիազորությունները ու պետք է դրա շրջանակներում կատարի իր առաքելությունը: Նախագահի առաքելությունը նաև այն է, որ նա պետք է հետևի Սահմանադրությանը: «Նախագահն ունի հակակշիռ ստեղծելու, սխալները գտնելու ու շտկելու հնարավորություն: Հավանական եմ համարում, որ նախագահը չի ստորագրի»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով