tert.am։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը համակարծիք չէ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՍԴ անդամի համար Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրումն իրավական խնդիր է առաջացնում։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ Վահե Գրիգորյանին 2-րդ անգամ առաջադրելու սահմանադրական արգելք չկա։
«Կարծում եմ՝ սահմանադրական այդպիսի արգելք չէր կարող լինել, որովհետև այն կհակասեր մարդու իրավունքներին»,- ասաց նա։
Արտակ Զեյնալյանը, անդրադառնալով տեսակետներին, թե Վահե Գրիգորյանի առաջադրումը նախագահականի վրա ճնշման արդյունք է, ասաց․ «Ինստիտուտները կարող են միմյանց նկատմամբ ազդեցություն ունենալ՝ տարբեր դրսևորումներով, և այն փափուկ է և իրավաչափ, հարիր է քաղաքական մշակույթին, եթե այդպիսին գնահատվում է առաջադրված թեկնածուներին դեմ քվեարկելը»։
Նախարարը չբացառեց, որ ԱԺ-ի կողմից ՍԴ անդամի թեկնածությունների մերժումը, և հետագայում նախագահի կողմից Վահե Գրիգորյանի առաջադրումը քաղաքական որոշում էր։
«Իհարկե, իրավաքաղաքական որոշում էր, անշուշտ, քաղաքական էր, չի կարող քաղաքական չլինել»,- շարունակեց Արտակ Զեյնալյանը։