Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ 2021 թ․-ի ընթացքում իրականացվել են 21 բյուջետային ծրագրեր՝ 196 միջոցառումներով։ Այս մասին Ազգային ժողովում 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ընթացքում հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
«Բազմաթիվ միջոցառումների պարագայում նախարարությունը հանդես է եկել որպես բյուջետային գլխավոր կարգադրիչ՝ շուրջ 30 այլ պետական գերատեսչությունների միջոցառումների մասով։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 174.8 միլիարդ դրամ՝ ապահովելով ծրագրված ցուցանիշի 97.7 %-ը։ 2020 թվականի 95%-ի դիմաց։ Չնայած պատերազմի և համավարակի հարուցած դժվարություններին՝ 2021 թ․-ին նախարարությունը շարունակել է բարեփոխումների ընթացքը նախարարության համակարագման բոլոր ոլորտներում, սկզբնավորել է նոր նախաձեռնություններ, որոնցից շատերը մասշտաբայնություն են ստացել այս տարի և կստանան հետագա տարիներին»։
Դումանյանի խոսքով՝ կրթության ոլորտում շարունակվել են հետագա բարեփոխումները, որի նպատակն է որակյալ կրթության հասանելիության բարձրացումը, մասնավորապես ներառական կրթական միջավայրի ստեղծումը և բարելավումը, կրթության բովանդակության և կրթական ծրագրերի բարելավումը, անհրաժեշտ ենթակառուցվածքների արդիականացումն ու վերազինումը, կրթություն գիտություն աշխատաշուկայի ամրապնդումը։
Ըստ նախարարի՝ հանրակրթության ոլորտում կառավարության ծրագրով նախատեսված 2026 թ․-ի 3-5 տարեկան նախադպրոցահասակ երեխաների 85% ընդգրկվածության թիրախն ապահովելու համար 2021 թ․-ին իրականացվել են իրավական դաշտի բարելավմանն ուղղված աշխատանքներ։
Նա նաև նշեց՝ բարձրագույն կրթության ոլորտում շարունակվել է ուսանողական նպաստների տրամադրումը ըստ ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների։ «Սոցիալական տարբեր խմբերի համար բարձրագույն կրթության մատչելիության տեսակետից կատարվել են փոփոխություններ իրավական ակտերում, հնարավորություն է ստեղծվել կառավարության որոշմամբ գործող կարգավորումներում ավելացնել պետական բուհերում սովորողների լրացուցիչ խմբեր, որոնք կարող են օգտվել պետության կողմից տրամադրվող լրիվ կամ մասնակի նպաստից։
2021 թ․-ին պետության կողմից շուրջ 12 միլիարդ դրամ ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցում է տրամադրվել բարձրագույն կրթության բոլոր աստիճաններում տարբեր խմբերի ավելի քան 14.000 ուսանողների։ 6 բուհերում ստեղծվել են շուրջ 1 միլիարդ 160 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ գերժամանակակից լաբորատոր ենթակառուցվածքներ»։
Նախարարը ասաց՝ գիտության ոլորտում կառավարությունը ունի հստակ մշակված քաղաքականություն և իր ջանքներն է ուղղում առկա խնդիրների լուծմանը, ինչպես նաև տարեցտարի ֆինանսական հնարավորությունների մեծացմանը։
Մշակույթի ոլորտում 2021 թ․-ին իրականացված քաղաքականությունը նպատակաուղղված է կառավարության ծրագրով նախանշված խնդիրների լուծմանը։
Դումանյանի խոսքով՝ կառավարությունը իր ուշադրության ներքո է պահել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտը՝ իրականացնելով մի շարք կարևորագույն միջոցառումներ։