2 տարեկան երեխայի մայրը հայտնել է, որ ինքն է երեխային նետել Դեբեդ գետը․ Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

Ապրիլի 25-ին, ժամը 17.45-ին, հաղորդում էր ստացվել, որ Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխա է ընկել Դեբեդ գետը: Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խմբին երեխայի մայրը հայտնել էր, որ հսկողությունից դուրս մնալու պատճառով երեխան Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի երկաթուղային կամրջի հարևանությամբ ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից ընկել է Դեբեդը:

Հայտնում է ոստիկանության լրատվության վարչությունը։

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների և ԱԻՆ փրկարարական ծառայության աշխատակիցների ձեռնարկած որոնողա-փրկարարական աշխատանքներին մասնակցող ալավերդցի երիտասարդը դեպքի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ Դեբեդ գետի ձախ ափին, ջրահեղձ և անգիտակից վիճակում հայտնաբերել է երեխային, որն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Թումանյանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի որոշ հանգամանքներ: Սպանության փորձ կատարելու կասկածանքով Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասից Թումանյանի բաժին բերման է ենթարկվել երեխայի մայրը: Նա հաղորդում է տվել, որ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մանկահասակ դստերը նշված վայրում 3-4 մետր բարձրությունից գցել է Դեբեդ գետը:
Ոստիկանության Թումանյանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձը) հատկանիշերով հարուցվել է քրեական գործ:
30-ամյա կինը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը տեղեկացնում է՝ Դեբեդ գետից դուրս բերված 2 տարեկան փոքրիկը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց, ապա մարզային ԲԿ-ների բժիշկների հետ քննարկումներից հետո որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևան:

««Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Փոքրիկի մոտ առկա են որովայնի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն:

Վիճակը ծանր է, գտնվում է բժիշկների խիստ վերահսկողության տակ»,- տեղեկացրել է Դերձյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով