Ակնհայտ է, որ Արցախը որևէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Աննա Նաղդալյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը անդրադարձել է Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի համատեքստում Հայաստանում անցկացված միջոցառումներին Ադրբեջանի իշխանությունների նյարդային արձագանքի վերաբերյալ հարցին: Հարցն ու ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը.

Այս տարի լրացավ Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցը, որի համատեքստում Հայաստանում անցկացված միջոցառումները նյարդային արձագանքների արժանացան Ադրբեջանի իշխանությունների, մասնավորապես՝ ԱԳ նախարարության և նախագահի օգնականի կողմից: Ինչպե՞ս կգնահատեք դա:

Նախ կուզենայի ընդգծել, որ Բաքվի հակահայկական ջարդերի 30-ամյակի կապակցությամբ Երևանում անցկացվեցին հիշատակի մի շարք կարևոր միջոցառումներ, իսկ միջազգային մամուլում եղան և մինչ օրս շարունակվում են բազմաթիվ հրապարակումներ, որոնք անդրադառնում են Բաքվի հայկական համայնքի բարբարոսական ոչնչացմանը:

Ցավոք, այս տարի ևս Ադրբեջանի իշխանությունները շարունակեցին ուղղակի կամ անուղղակի կերպով Բաքվում 30 տարի առաջ իրականացված հակահայկական ջարդերի կազմակերպիչների և այդ ջարդերն իրականացնողների գործողությունների արդարացումը: Ավելին, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կողմից անօգնական մարդկանց հանդեպ հաշվեհարդար տեսած ջարդարարները հերոսացվեցին` որպես «շահիդներ», իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրեց հայերին Սումգայիթյան եղեռնագործության իրականացման մեջ:

Ադրբեջանական կողմը բանեցնում է բոլոր ոճրագործներին բնորոշ գործելակերպ՝ զոհերին մեղադրելով ոճրագործության մեջ և ժխտելով խաղաղ պայմաններում անզեն մարդկանց հրապարակային և համակարգված ոչնչացման իր պատասխանատվությունը:

Սա ևս մեկ անգամ աներկբա ընդգծում է, որ որևէ պարագայում հայ ժողովրդի որևէ հատվածի անվտանգության պատասխանատվությունը չի կարող վստահվել ադրբեջանական իշխանություններին: Ակնհայտ է, որ Արցախը որևէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում և Արցախի ժողովուրդը չի կարող մնալ առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով