shantnews.am: Եթե Մեծ Բրիտանիային Եվրամիությունից դուրս գալու գործընթացը հետաձգելու ևս մեկ հայտ ուղարկի, Գերմանիան պատրաստ է ընդառաջել և որոշակի պայմաններում ընդունել այդ հայտը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը:
«Մենք այդ հայտը կդիտարկենք կառուցողական մոտեցմամբ: Մենք հստակ նպատակ ունենք՝ Մեծ Բրիտանիայի հետ միասնական դիրքորոշման հասնել», – ասել է նախարարը:
Միաժամանակ գերմանացի նախարարը ակնարկել է, որ այդ հայտում բրիտանական կողմը պետք է հստակ հեռանկարներ մատնանշի, քանի որ Եվրամիությունը չի կարող անորոշության մեջ մնալ երկար ժամանակ. դա խանգարում է Միության աշխատունակությանը:
Բայց Գերմանիայի այս դիրքորոշումը բավարար չէ, ֆորմալ առումով անհրաժեշտ է ԵՄ անդամ բոլոր պետությունների համաձայնությունը: Այդտեղ մեծ դեր ունի ԵՄ մյուս հիմնասյունի՝ Ֆրանսիայի դիրքորոշումը: Պաշտոնական Փարիզը, սակայն, արդեն հայտնել է, որ ևս մեկ հետաձգումը լուծում չէ իրենց համար, քանի դեռ հստակ որոշված չեն հեռանկարները: