news.am: Տվյալների միասնական շտեմարանի ստեղծումը կարող է հանգեցնել ապրանքների էժանացման ԵՏՄ գոտում։ Այս մասին «Միասնական եվրասիական տրանսպորտային-լոգիստիկ համակարգը՝ տարանցման ներուժի հիմք» պանելային նիստում սեպտեմբերի 30-ին ասաց Հայաստանի բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
Նրա խոսքով, ինչպես լոգիստիկայում, այնպես էլ տնտեսության այլ ճյուղերում կարեւոր է հասնել զարգացման բարձր մակարդակի, եթե ճիշտ օգտագործվեն տեխնոլոգիաները։ «Այսօր շատ է խոսվում արհեստական ինտելեկտի ալգորիթմերի եւ թվայնացման մեջ դրա օգտագործման մասին։ Ակնհայտ է, որ դրա համար ամենագլխավորը տվյալների միասնական շտեմարանի ստեղծումն է։ Այս առումով կարեւոր է միասնական պլատֆորմի առկայությունը, որը կարող է օգտագործվել այդ թվում եւ բիզնեսի կողմից։ Կարեւոր է, որպեսզի տվյալների միասնական շտեմարանը եւ միասնական պլատֆորմը ստեղծվեն ոչ թե ԵՏՄ առանձին տրանսպորտային միջանցքներով, այլ ամբողջ միությունում»,- նշել է նա։
Նախարարն ընդգծել է, որ այդ միջոցները կարող են հանգեցնել ապրանքների էժանացման, ինչը ներկա պայմաններում տեղի չի ունենում մաքսային ընթացակարգեր անցնելիս։