24news.am: Անկարան մտադիր չէ բանակցային սեղանի շուրջ նստել Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերի հետ: Այս մասին գրում է «Հուրրիյեթ» պարբերականը՝ հղում անելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
«Շարունակելու ենք ահաբեկիչներին ահաբեկիչներ անվանել: Մենք երբեք ահաբեկիչների հետ բանակցային սեղանի շուրջ չենք նստել և չենք էլ նստի»,- ասել է Էրդողանը և մեղադրել արևմտյան երկրներին, որոնք դատապարտում են Սիրիայի հյուսիսում Թուրքիայի «Խաղաղության ակունք» կոչվող գործողությունը:
«Ահաբեկչության դե՞մ եք: Ինչո՞ւ եք սկսել գործել ահաբեկիչների հետ»,- ասել է Էրդողանը։
Թուրքիան Սիրիայում ռազմական գործողություններ էր սկսել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներում։ Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելը, 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը: