Ա. Հարությունյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է Վրաստանի դպրոցներում հայոց լեզվի դասագրքեր ունենալու հարցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլիին։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Երկու երկրների նախարարները հանդիպման սկզբում ընդգծել են Հայաստանի և Վրաստանի միջև եղած ջերմ, բարեկամական հարաբերությունների կարևորությունը և պատրաստակամություն հայտնել այդ գործընկերության կամուրջներն ամրապնդելու նաև իրենց համակարգած ոլորտներում։

Արայիկ Հարությունյանը և Միխեիլ Բատիաշվիլիին կարևորել են երկու երկրների միջև ձևավորված աշխատանքային խմբերը, որոնք այժմ քննարկում են ճանապարհային քարտեզի համատեղ մշակման ձևաչափերը: Այս աշխատանքային խմբերի օրակարգում են՝ Վրաստանի պետական դպրոցներում դասավանդող հայոց լեզվի ուսուցիչների շարունակական մասնագիտական վերապատրաստման, երկու պետություններում համատեղ օլիմպիադաների կազմակերպման, հայոց լեզվի և գրականության դասագրքերով ապահովման, ինչպես նաև դասագրքերի թարգմանության ընթացքում մասնագիտական աջակցության տրամադրման հարցերը:

Հանդիպման ընթացքում նախանշված համագործակցության մյուս ուղղությունը մշակութային ժառանգության պահպանությունն էր։ Այս համատեքստում կողմերը պատրաստակամություն են հայտնել աջակցել մշակութային ժառանգության համար պատասխանատու կառույցների միջև համագործակցությանը՝ գործող աշխատանքային խմբի և այն միջազգային պարտավորությունների շրջանակում, որոնք ուժի մեջ են երկու երկրների համար:

Հայաստանի և Վրաստանի ԿԳՄՍ նախարարները նաև կարևորել են բարեփոխումների իրականացման գործընթացում փորձի փոխանակման հարթակների ստեղծումը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև օգոստոսի 22-27-ը ՀՀ ԿԳՄՍ հրավերով «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կազմակերպած ամառային ճամբարին Վրաստանի քաղաքացիների մասնակցությանը՝ ընդգծելով, որ նման ձևաչափերը երիտասարդների միջև շփումներն ակտիվացնելու հնարավորություն են տալիս։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով