armenpress.am։ Հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահությանը ներգրաված զինծառայող պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից կարող է կատարողական թերթի կատարման ընթացքում պահվել 30 տոկոսից ոչ ավելի:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի` նման դրույթ սահմանող «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ստացավ միաձայն դրական եզրակացություն:
«Երբ առաջնագծում բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել զինծառայողների հետ, նշվել է, որ առաջնագծում ծառայող զինվորականներն ունեն խնդիրներ` աշխատավարձը չստանալու հետ կապված: Ունենալով վարկային որոշակի պարտավորություններ` Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն արգելանք է դրել նրանց հաշիվների վրա: Խնդրել էին, որ հնարավորության դեպքում աջակցենք:
Եվ առաջարկում եմ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինվորականների աշխատավարձի և դրան հավասարեցված միջոցների վրա արգելանք տարածվի ոչ ավելի, քան 30 տոկոս, որ այդ ծանրագույն աշխատանքը կատարելիս մտահոգված չլինեն ընտանիքի կենցաղային խնդիրներով»,-ներկայացրեց Բագրատյանը:
Նախագծի նախնական տարբերակում Բագրատյանն առաջարկել է 10 տոկոս, սակայն կառավարության առաջարկությամբ որոշվել է 30 տոկոս չափը: Արդյունքում՝ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահությանը ներգրաված զինծառայող պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից կարող է կատարողական թերթի կատարման ընթացքում պահվել 30 տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարի մարումը` մարտական հերթապահություն իրականացնող զորամասի կողմից եռամսյակը մեկ անգամ տրվող տեղեկանքի հիման վրա:
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը ներկայացրեց կառավարության դիրքորոշումը: Նա ողջունեց նախաձեռնությունը, շնորհակալություն հայտնեց Բագրատյանին կառուցողական մթնոլորտում քննարկումների համար:
«Վերջնական նախագիծը երկկողմանի ընդունելի է, որևէ խոչընդոտ չենք տեսնում, որ ներկայացվի լիագումար նիստին»,-նշեց նա:
Քվեարկությամբ նախագիծը ստացավ միաձայն դրական եզրակացություն, այն կընդգրկվի լիագումար նիստերի օրակարգ: