tert.am։ Այս տարվա օգոստոսին Թուրքիան ահաբեկիչների նկատմամբ ևս մի հաղթանակ կտանի: Այդ մասին, ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մուսուլմանական Կուրբան Բայրամ (զոհաբերության տոն, որով ավարտվում է հաջը) տոնի հետ կապված բնակչությանն արված ուղերձի ժամանակ:
Թուրքիայի նախագահը նշել է, թե «Թուրքիայի պատմությունը լի է հաղթանակներով»: Նա ընդգծել է, որ Թուրքիան ակտիվ պայքար է մղում ահաբեկչության դեմ: «Այս պայքարը կտարվի մինչև վերջին ահաբեկչի ոչնչացումը»,- ասել է նա:
Օրեր առաջ Թուրքիայի նախագահը հայտարարել էր Սիրիայում «ահաբեկչության դեմ պայքարի նոր փուլի» մեկնարկի մասին: Մասնավորապես՝ նա ասել էր, որ Թուրքիան շուտով Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի նոր փուլ կսկսի, որը սկիզբ է առել «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» գործողություններից:
Իսկ մինչ այդ հայտարարել էր, որ Թուրքիան ռազմական գործողություն կսկսի Սիրիայի հյուսիսում Եփրատից արևելք գտնվող քրդերի ինքնապաշտպանական ուժերի դեմ և այդ մասին արդեն իրազեկել է Ռուսաստանին և Միացյալ Նահանգներին:
Աղբյուրի տեղեկություններով՝ Թուրքիան նման գործողություն կարող է սկսել օգոստոսի 11-ից հետո: