lragir.am։ Բողոքի ակցիա անող բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները ցանկանում են, որպեսզի շահումով խաղերի ավտոմատները գազալցակայաններում շարունակեն գործել։ Այս մասին լրագրողներին ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ խորհրդարանում բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցների հետ փակ քննարկում անցկացնելու հետո։
«Ինչպես գիտեք, մենք որոշել ենք բուքմեյքերական ընկերությունների արգելքը հետաձգել մեկ ու կես տարով, բայց այդ խաղային ավտոմատների արգելքը միանգամից ուժի մեջ կմտնի։ Հիմա իրենք ցանկանում են, որ թույլ տանք այդ ավտոմատները ևս որոշ ժամանակ շահագործեն։ Մենք խոստացանք, որ հանձնաժողովի նիստում նախագծի առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում այդ առաջարկը կքննարկենք, կտեսնենք ինչ է հնարավոր անել»,- ասաց Թունյանը։
Բաբկեն Թունյանը նաև նշեց, որ նոր նախագծով մեկ ու կես տարի առնվազն ձեռք չեն տալու բուքմեյքերական կետերին։ Այդ մեկ ու կես տարվա ընթացքում նաև օնլայն տիրույթում խաղադրույքներ կատարելու հետ կապված որոշակի փոփոխություններ կլինեն, որ այնպես չլինի ընկերություններից մեկը շահի, մյուսը կորցնի։