Գյումրիի ավտոմաքսատունը հետագայում լինելու է ամբողջ բիզնեսի ներմուծման և արտահանման կենտրոն. ՊԵԿ նախագահ |tert.am|

tert.am։ Մենք կարծում ենք, որ ավտոմաքսատան կառուցման աշխատանքները կավարտենք մինչև հոկտեմբեր ամիսը և հոկտեմբերից նոր ավտոմաքսատունը կսկսի գործել. այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են որոշել հիմա տեղափոխել ավտոմաքսատունը, չէ՞ որ հունվարից մեքենաների ներկրումը կնվազի:

Անանյանը նշեց, որ հիմա սպասում են մեքենաների աննախադեպ հոսքի: «Նույնիսկ կանխատեսելը շատ դժվար է այս պահին, որովհետև մեր հայրենակիցների «բիզնես ակտիվությունը» բավականին բարձր է»,- ասաց Անանյանը:

ՊԵԿ նախագահը նաև պարզաբանեց, թե ինչու են ավտոմաքսատունը տեղափոխում հյուսիս՝ Գյումրի: «Ինչու հյուսիսում, որովհետև ակնկալում ենք նաև, որ պետք է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնը լինի այն և այս գործառույթը պետք է կենտրոնանա այնտեղ: Նոր մաքսատունը 158 կմ հեռավորության վրա է գտնվում Բագրատաշենի մաքսակետից, 115 կմ՝ Գոգավանից և 58 կմ՝ Բավրայից»,- ասաց նա և հավելեց՝ քանի որ հետագայում գտնվելու է Հյուսիս-հարավ ճանապարհին, ապա ֆունկցիոնալ առումով գործելու է:

Ինչ վերաբերում է աշխատատեղերին, Անանյանն ասաց, որ կարծում է՝ կլինեն նոր աշխատատեղեր, ըստ նրա, կլինի նաև աշխատանքային ռեսուրսների վերաբաշխում կամ տեղաբաշխման տարբերություն: «Մենք արդեն դասընթացներ ենք հայտարարում, որ անցկացնենք: Կարծում եմ՝ հենց տարածաշրջանից պետք է ընդունենք աշխատակիցներ: Իհարկե, աշխատակիցների մի մեծ բանակ էլ կգործուղվի այնտեղ»,- ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով