shantnews.am: Պանամայի իրավապահները քրեական գործ են հարուցել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ փողերի լվացման մեղադրանքով: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Պորտնովի Telegram-ի ալիքը:
Նրա խոսքերով՝ Պանամայի իշխանությունները նախ ստուգել են, թե ինչպես են Պորոշենկոն և նրա մերձավորները Պանամայում պահել իրենց փողերը, անշարժ գույքը, ակտիվները, ինչպես են խուսափել Ուկրաինայի բյուջե մուծել հսկայական հարկեր և «լվացել» հափշտակած գումարները:
Հետո Պորտնովը ցուցմունք է տվել Պորոշենկոյի դեմ՝ երդվելով, որ կասի միայն ճշմարտությունը: Դրանից հետո նախկին նախագահի դեմ քրեական գործ է հարուցվել:
«Մենք հաստատ գիտենք, որ Պորոշենկոյի ֆինանսական և առևտրային գործարքներն օֆշորային գոտիներում իրականացվել են Ուկրաինայի համար ամենածանր օրերին, երբ ուկրաինացիներ էին զոհվում: Հետաքննության առաջին արդյունքները ցույց կտան, թե ինչպես և ինչով էր առևտուր անում Պորոշենկոն, երբ ուղարկում էր ուկրաինացիներին պատերազմ»,- գրել է իրավաբանը: Նա հույս է հայտնել, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը միջնորդություն կներկայացնի նախկին նախագահի ամբողջ շարժական և անշարժ գույքը կալանքի տակ դնելու մասին: