hetq.am։ Ռաֆիկ Մաշադյանը ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնում նշանակվել է 2018թ. մայիսի 24-ին: Այդ պաշտոնում նշանակվելուց հետո Ռաֆիկ Մաշադյանի դստեր ամուսինը՝ Գոռ Մկրտչյանը, նշանակվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի գլխավոր մաքսային տեսուչ:
Բարձրաստիճան պաշտոնատար անանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի ու եկամուտների հայտարարագրի համաձայն, Գոռ Մկրտչյանի 2018թ. տարեկան եկամուտը կազմել է մոտ 13 մլն 464 հազար դրամ, որից աշխատավարձը՝ մոտ 3 մլն 464 հազար դրամ, իսկ 10 մլն դրամը գոյացել է MERCEDES-BENZ VIANO 2.2 CDI մակնիշի ավտոմեքենայի օտարումից:
Այդքանով չեն սահմանափակվում Գոռ Մկրտչյանի ֆինանսական միջոցները: Նա, որպես դրամական միջոց հայտարարագրել է նաև 21 մլն դրամ, 48,000 դոլար և 40,000 եվրո:
Պաշտոնը ստանձնելու օրվա՝ 2018թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ, Գոռ Մկրտչյանն ունեցել է 1 բնակարան, 3 հասարակկան նշանակության շինություն և PORSCHE CAYENNE Turbo 4.8 մակնիշի ավտոմեքենա: Իսկ դրամական միջոցները կազմել են 23 մլն դրամ, 50,000 դոլար և 40,000 եվրո:
Գոռ Մկրտչյանի կինը՝ Ռուզան Մաշադյանը, 2018թ. ընթացքում որևէ եկամուտ չի հայտարարագրել, սակայն իր հաշվին ունեցել է 10 մլն դրամ և 10,000 դոլար:
Նշենք, որ Ռաֆիկ Մաշադյանի 2018թ. հայտարարագրված եկամուտը կազմել է մոտ 20 մլն դրամ, որը աշխատավարձի չափն է: Սակայն, հաշվին ունեցել է 7 մլն դրամ և 67,000 դոլար:
ՊԵԿ նախագահի տեղակալի կինը՝ Արինա Մաշադյանը, 2018թ-ին եկամուտ չի ունեցել, սակայն իր հաշվին եղել է 35,000 դոլար: Նույնն է եղել նաև 2017-ին: