civilnet.am։ «Սանիթեք» ընկերությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ այսօր՝ օգոստոսի 2-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում «Սանիթեք» ընկերության տնօրենի կողմից ներկայացվել է երկու առաջարկություն` կարճաժամկետ և երկարաժամկետ, որ շահեկան կլինեն բոլոր կողմերի համար և կլուծեն ստեղծված իրավիճակը:
Որպես կարճաժամկետ լուծում՝ ընկերությունն առաջարկում է մեկտեղել ջանքերը՝ օգտագործելով քաղաքապետարանի կողմից արդեն իսկ ձեռք բերված աղբատար մեքենաները և աղբադույլերը: Ընկերությունը վստահ է, որ ջանքերի մեկտեղումն ու համատեղ աշխատանքը կբերեն այս իրադրության հանգուցալծուման:
Որպես երկարաժամկետ լուծում` ընկերությունը պատրաստակամություն է հայտնում անմիջապես իրականացնել նոր ներդրումներ` նոր աղբատար մեքենաներ և աղբադույլեր գնելու համար, հնարավորինս արդիականացնել եղած ավտոպարկը, ներդնել կորպորատիվ կառավարման սկզբունքներ`թափանցիկություն և հաշվետվողականություն ապահովելու համար և Երևանի քաղաքապետարանին ներկայացնել հորիզոնական մոնիթորինգի համակարգը և վերակառուցել առկա ֆինանսական պարտավորությունները:
Այս ամենը հնավոր կլինի կյանքի կոչել, եթե քաղաքապետարանն ապահովի անհրաժեշտ պայմանները:
Դրանք են՝
1․ Մշակել և ներդնել աղբի կառավարման քաղաքականություն և գործողությունների ծրագիր, այդ թվում`
- Նուբարշենի աղբավայրի ենթակառուցվածքների զարգացում
- թափոնների հեռացման լայնածավալ քաղաքականության ներդրում
- թափոնների հեռացման քաղաքականության վերահսկման կարողությունների ուժեղացում
2․ Վերանայել պայմանագրերի արժեքը` ունենալով փորձագիտական եզրակացություն, որը կգնահատի «Սանիթեք»-ի կողմից մատուցվող ծառայությունների առևտրային արժեքը,
3․ Վերանայել պայմանագրերի պայմանները,
4․ Ետ վճարել մինչ այս իրականացված տուգանքները։