aysor.am: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը պնդում է, որ այս պահին չկան իրավական հիմքեր Ամուլսարի հանքի շահագործման աշխատանքներին խոչընդոտելու համար:
«Այս պահին որոշումը հետևյալն է՝ հանքի շինարարական աշխատանքներին պետք չէ խոչընդոտել, ինչը նորմալ է: Ես ի սկզբանե այդ տեսակետին եմ եղել և ասում եմ, որ եթե պետք է այդ հանքը փակվեր, դրա համար պետք է լինեին իրավական հիմքեր: Հիմա ես լսեցի, որ այդ պահին իրավական հիմքեր չկան: Եթե մի տարվա ընթացքում լրացուցիչ հիմքեր առաջ կգան, որը թույլ կտա փակել, այդ ժամանակ արդեն նշանակում է որոշակի գործողություններ կլինեն», – ասաց Թունյանն այսօր լրագրողներին:
Դիտարկմանը, թե վարչապետը նշել է, որ բնապահպանության տեսչական մարմինը ստուգումներ կիրականացնի, արդյոք դա նշանակու՞մ է, որ «Էլարդ»-ի եզրակացության նկատմամաբ անվստահություն կա, Թունյանն ասաց, որ «Էլարդ»-ի եզրակացությունը տվել է լրացուցիչ գործիքներ, որպեսզի կառավարությունը դրանց վրա ուշադրություն դարձնի՝ առաջարկելով լրացուցիչ մեղմման միջոցներ: