ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով կրկին անդրադարձավ Ամուլսարի հանքի խնդրին։
Վարչապետի խոսքով՝ ՇՄԱԳ-ը մի փաստաթուղթ է, որով հանքարդյունաբերողն արձանագրում է իր պարտավորությունները պետության առջև։ Նա նշում է, որ «Լիդիան»-ի ներկայացուցիչները 2 օր առաջ տեղի ունեցած հանդիպման ժամանակ երաշխավորել են, որ հանքը կշահագործեն 100 տոկոս անվնաս, օդի որակը չի փոխվի, ստորերկրյա և մակերեսային ջրերը չեն աղտոտվի, կենսաբազմազանության հետ խնդիրներ չեն առաջանա։ Նիոլ Փաշինյանը նշեց, որ եթե լինեն շեղումներ, «Լիդիան»-ին կտրվի 90-օրյա ժամկետ դրանք վերացնելու համար, իսկ եթե չվերացվեն, հանքը կփակվի։
«Իմ արձանագրումը շարունակում է մնալ այն, ինչ ունեցել եմ նախորդ ուղիղ եթերի ընթացում․ առնվազն այս պահի դրությամբ չունենք Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որևէ իրավական հիմնավորում, բայց հասկանալի է նաև որ մենք չենք կարող հաշվի չառնել մեր հանրության շրջանում առկա անհանգստությունները։ Մեր հանրությունն էլ փաստեր ունի, որոնք ձեռք են բերվել մեր աշխատանքի թափանցիկության շնորհիվ։ Բնականաբար մենք պետք է հաշվի առնել հանրության անհանգստությունները։ Մյուս կողմից, մենք չենք կարող հաշվի չառնել Հայաստանի տնտեսական հանրության անհանգստությունները»,- նշեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վերջերս Moody’s ընկերությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը, ինչը ենթադրում է, որ հայաստանյան ընկերությունները կարող են գումարներ ներգրավել ավելի էժան գնով։ Սա էլ, ըստ վարչապետի, հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին ավելի էժան վարկեր տրամադրելու։
«Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակում մենք ունենք որոշակի ազդակներ, որոնք վկայում են, որ եթե մենք այս իրավիճակին ճշգրիտ և պետական մոտեցում չցուցաբերենք, ապա դա կարող է հանգեցնել Հայաստանի վարկանիշի վատթարացման, ինչի հետևանքները մենք բոլորս այդ թվում՝ և՛ պետությունը, և՛ բանկերը, և՛ քաղաքացիները, կարող ենք զգալ մեր կողմից ստացվող վարկերի տոկոսների, այսինքն՝ փողի արժեքի տրամաբանությամբ»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ եթե մենք չենք ուզում թույլ տալ Ամուլսարի հանքի շահագործումը, ապա ինչո՞ւ ենք թույլ տաիս, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Թեղուտի հանքը շահագործվեն։
«Արդյո՞ք նրանք համապատասխանում են բոլոր միջազգային ստանդարտներին և որևէ բնապահպանական խնդիր չենք առաջացնում, և արդյո՞ք նրանք գործում են ըստ այն բնապահպանական ստանդարտների, որոնք ՀՀ-ում գոյություն ունեն։ Այստեղ է, որ մենք կարող ենք ունենալ միջազգայնորեն շատ լուրջ խնդիր, երբ մեր գործած սխալների արդյունքում ստացվի, որ մենք ցուցաբերում ենք խտրական մոտեցում»,- ասաց պարոն Փաշինյանը՝ հավելելով, որ չենք կարող արհամարհել մեր երկրի տնտեսության անվտանգության և արտաքին անվտանգության խնդիրները։
Վարչապետը կոչ արեց Ջերմուկ քաղաքի բնակիչներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները։