tert.am։ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները չեն շտապում գնահատական տալ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին։ ԱԺ ճեպազրույցների ժամին նրանք նկատեցին, որ այս իրավիճակը դեռևս պարզաբանման կարիք ունի։
«Ներիշխանական որոշակի պրոցեսներ են: Քաղաքական կամ այլ գնահատական տալու համար պետք է բացված լինեն այն հայտարարությունները, որոնք հնչում են այս երկու օրը։ Առայժմ հայտարարությունների բուն իմաստը բացված չէ, մի քիչ դժվար է տալ գնահատական, քանի որ ներիշխանական գործընթացներ են։
Իհարկե, մենք կարող ենք ենթատեքստեր փնտրել, բայց կարծում եմ, որ պետք է մի քիչ հստակություն լինի ու նոր հնչի գնահատական»,- ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
Խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, նկատեց, որ այս պահին իրենք դեռ ամբողջությամբ չեն տիրապետում տեղեկատվությանը, թե ինչ է տեղի ունեցել։
Պատգամավորները հույս ունեն, որ լույս կսփռվի այս իրավիճակի վրա, իսկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հստակ կասի, թե ինչ էր ակնարկում հրաժարականի իր տեքստում։
Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի գործունեության վերաբերյալ գնահատականին, ԲՀԿ-ական պատգամավորները նկատեցին, որ ԱԱԾ-ն փակ կառույց է, բայց, ընդհանուր առմամբ, իրենց գնահատականը բացասական չէ։