shantnews.am։ Այսօր ԵՊՀ-ում՝ ժամը 15-ին կայանալու է Հոգաբարձուների խորհրդի նիստ: Նիստի օրակարգում երկու հարց է՝ մայիսի 23-ին հրաժարական տված ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի ընդունումն ու ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը:
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն ընտրում է ռեկտորին, քննարկում և հաuտատում է ԵՊՀ կառուցվածքը, բյուջեն, հաստիքացուցակը, զարգացման ռազմավարական ծրագիրը, ռեկտորի ընտրության կանոնակարգը, ռեկտորի տարեկան հաշվետվությունը, կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների իրականացումը և այլն:
Հոգաբարձուների խորհուրդը կազմվում է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և սովորողների ներկայացուցիչներից, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից առաջադրված կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներից ու ԵՊՀ գործընկեր գործատուներից՝ 25-ական տոկոս համամասնությամբ:
ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմից Հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումները, այնուհետև նրանցից 8 հոգու հաստատում է ԵՊՀ գիտական խորհուրդը:
Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա Հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատվել է ՀՀ վարչապետի 2018 թ. դեկտեմբերի 28-ի N 1690-Ա որոշմամբ:
Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը կազմված է 32 անդամից:
Հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով։ Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ՝ խորհրդի նախագահի կողմից։
2019 թ. հունվարի 22-ի «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի թիվ 9 նիստի ընթացքում Գևորգ Մուրադյանը միաձայն ընտրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե ով կարող է ընտրվել ռեկտոր.
Ըստ ԵՊՀ կանոնադրության՝ պարտադիր է դոկտորի գիտական աստիճան ունենալ: Նույն անձը երկու անգամից ավելի անընդմեջ չի կարող ընտրվել ռեկտորի պաշտոնում: Ընտրությունը կատարվում է բաց մրցույթի միջոցով, բայց գաղտնի քվեարկությամբ:
Ռեկտորի պաշտոնում ընտրվում է այն թեկնածուն, որը հավաքում է խորհրդի՝ ցուցակային կազմի 50 տոկոսից ավելի ձայները: Այսինքն՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից առնվազն 17-ն իրենց ձայները պետք է տան այդ թեկնածուի օգտին: