Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 2 անգամ ավելի շատ ավտոմեքենա

Հայաստան ներմուծված ապրանքների շարքում 2019թ. առաջին կիսամյակում ամենաբարձր մաքսային արժեք ունեցող ապրանքատեսակներն են բնական և հեղուկ գազը, մարդատար ավտոմեքենան, նավթը և նավթամթերքը, ադամանդը և դեղամիջոցները, որոնցից միայն գազի և մարդատար ավտոմեքենաների մաքսային արժեքներն են աճ գրանցել համապատասխանաբար՝ 12,9 և 29,5 տոկոսով։
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է առաջին կիսամյակում արտաքին առևտրով ՀՀ ներմուծված առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ցանկը։

2019թ․ առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նկատվել է նավթի, նավթամթերքի 4,9 տոկոս, ադամանդի 3,4 տոկոսով և դեղամիջոցների 9,6 տոկոս նվազում: Ներմուծման մաքսային արժեքի ամենամեծ՝ 42,1 տոկոս կրճատում գրանցել են համակարգիչները և դրանց բլոկները՝ կազմելով 15 մլն 280 հազար ԱՄՆ դոլար քանակի՝ 14,8 տոկոս կրճատման պարագայում։ Կրճատվել է նաև ցորենի և մեսլինի ներմուծման ծավալը՝ 36,2 տոկոսով, սիգար, սիգարիլլա, սիգարետինը՝ 33,8 տոկոսով, շաքարինը՝ 18,7 տոկոսով։

Հաշվետու ժամանակահատվածում աննախադեպ՝ 44 անգամ աճել է հագուստի առարկաների ներմուծման ծավալը, որի արդյունքում շուրջ 25 անգամ աճել է վերջինիս մաքսային արժեքը՝ կազմելով 13 մլն 259 հազար ԱՄՆ դոլար։
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել է 53 հազար 210 մարդատար ավտոմեքենա, որը 2 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Ըստ ՊԵԿ տվյալների՝ ներմուծված մարդատար ավտոմեքենաները դրամական արտահայտությամբ ցանկում զբաղեցնում են երկրորդ հորիզոնականը՝ 139 մլն 2 հազար ԱՄՆ դոլարով, նախորդ տարվա համեմատ գրանցելով՝ 29,5 տոկոս աճ։ Հատկանշական է, որ հաշվետու ժամանակահատվածում ամենաշատ քանակությամբ՝ շուրջ 22 հազար ավտոմեքենա ներմուծվել է Գերմանիայից, 14,8 հազար ավտոմեքենա Ճապոնիայից, իսկ 10,7 հազար՝ ԱՄՆ-ից։

Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ընթացիկ տարում 3,3 անգամ ավելի շատ ցեմենտ է ներմուծվել Հայաստանի Հանրապետություն՝ գրանցելով մաքսային արժեքի 5,2 անգամ աճ՝ 22 մլն 452 հազար ԱՄՆ դոլար։ Հաշվետու ժամանակահատվածում միայն Իրանի Իսլամական Հանրապետությունից ցեմենտի ներմուծումն ավելացել է 3,6 անգամ, իսկ մաքսային արժեքը 5,5 անգամ՝ կազմելով 22 մլն 440 հազար ԱՄՆ դոլար։

Աճել է նաև ՌԴ-ից ներմուծվող ցեմենտի քանակը, սկսվել է ներմուծումը Թուրքիայից՝ շուրջ 10,2 տոննա։ Նախորդ տարվա 3481 տոննայի համեմատ այս տարի Վրաստանից ցեմենտ չի ներմուծվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով