Գյումրու ընտրատեղամասերից երկուսում քվեախցիկները տեղադրված են այնպես, որ կարող է խախտվել քվեարկության գաղտնիությունը

Գյումրիի 31/67 ընտրատեղամասում «Ինֆոքոմի» թղթակիցը արձանագրել է, որ քվեախցիկները տեղադրված են այնպես, որ կարող է խախտվել քվեարկության գաղտնիությունը։

31/67 ընտրատեղամասում քվեախցիկները գտնվում են պատուհանների կողքին, որոնք ամբողջական ծածկված չեն։ Մեկնաբանելով՝ հանձնաժողովի նախագահ Անի Քոչարյանը նշել է, որ բակը [պատուհանից երևացող] ամբողջովին փակ է, և արտաքին մուտք ընդհանրապես չունի։

Ըստ Ընտրական օրենսգրքի՝ քվեախցիկները պետք է տեղադրվեն միմյանցից առնվազն 1 մետր հեռավորությամբ և այն դիրքով, որ ընտրողը քվեարկելիս լինի հանձնաժողովին դեմքով, բացառվի թիկունքում մարդկանց տեղաշարժը, ինչպես նաև ընտրողի ազատ կամքի արտահայտման նկատմամբ վերահսկողության ցանկացած հնարավորություն:

Մեկ այլ ընտրատեղամասում ևս արձանագրվել է նման խնդիր։ «Ինֆոքոմի» թղթակիցը ֆիքսել է, որ 31/34 ընտրատեղամասի 3 քվեախցիկներից մեկի թիկունքն ամբողջությամբ փակված չէ, հատվածական փակ է կտորով։

Քվեասենյակից մուտք կա դեպի երկու սենյակ, «Ինֆոքոմի» թղթակցի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Սարիբեկ Ղուկասյանը նշեց, որ 2 դռները, որոնք երեւում են քվեասենյակից, փակ են․ «Օրենքով թուլատրվում է», – նշեց նա։ 

Հարցին, թե ինչու ամբողջությամբ ծածկված չէ խցիկի թիկունքը, նախագահը նշեց՝ մանկապարտեզի հնարավորությունների սահմանում ինչքան կարողացել, ապահովել են գաղտնիությունը։ Նրա խոսքով՝ ԿԸՀ-ից եղել են տեղամասում և վստահեցրել, որ կահավորումը բավարարում է չափանիշներին։

ԿԸՀ անդամ Ժիրայր Կարապետյանն «Ինֆոքոմի» հետ զրույցում ասաց, որ այդ տեղամասի կահավորումը ի սկզբանե տեսել են։ Նա նշեց, որ կարեւորն այն է, որ քվեախցիկի հետեւում անձանց տեղաշարժը բացառվի։ Ըստ նրա՝ նման կահավորանքն, ըստ էության, այդ խնդիրը լուծում է։ Կարապետյանը նաեւ ասաց, որ քվեախցիկները այլ տարածքում տեղադրելը խնդիր կարող էր առաջացնել ուղիղ տեսանկարահանման հարցում՝ տեսախցիկները այլ տարածքում քվեարկության սենյակում կատարվողը չէին կարող ֆիքսել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով