Արձանագրել ենք, որ առավել ևս այս միջավայրում որևէ էսկալացիա մեր տարածաշրջանում չի կարող տեղի ունենալ. Փաշինյանը՝ Ռուբիոյի հետ հեռախոսազրույցի մասին |1lurer.am|

1lurer.am: Հեռախոսազրույցի առաջին արձանագրումը մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության նկատմամբ հետաքրքրության վերահաստատումն էր և արձանագրումը, որ այդ օրակարգը շարունակում է նույնքան հրատապ լինել Միացյալ Նահանգների գործող վարչակազմի համար: Մեր դեպքում էլ այդ նույն արձանագրումը կար: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վաչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հեռախոսազրույցին։

«Խոսակցության երկրորդ թեման տարածաշրջանային իրավիճակն է եղել, մասնավորապես՝ խաղաղության գործընթացը: Միացյալ Նահանգների պետքարտուղարը նույնպես այդ արձանագրումն արեց, որ կարևոր փուլ է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության գալը և նախագծի համաձայնեցման վերաբերյալ բանակցություններն այդպիսով հաջողությամբ ավարտելը: Երկուսս էլ այն կարծիքին էինք, որ այս արդյունքը չպետք է կորսվի, և խաղաղության համաձայնագիրը հնարավորինս արագ պետք է ստորագրվի և վավերացվի, այսինքն՝ ուժի մեջ մտնի երկու երկրներում:

Փոխադարձաբար կարևորել ենք և արձանագրել ենք, որ առավել ևս այս միջավայրում որևէ էսկալացիա մեր տարածաշրջանում չի կարող տեղի ունենալ, և պայմանավորվել ենք, որ կշարունակենք բարձր մակարդակի շփումները Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև»,- ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որի շրջանակում, ըստ պաշտոնական հողորդագրության, ՀՀ վարչապետը պետքարտուղարին է ներկայացրել բանակցային այն գործընթացները, որոնց արդյունքում հնարավոր դարձավ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցումը, որը սպասում է ստորագրման։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով